Tuesday, July 24, 2018

Կարոտելու մասին

Ես հակված եմ կարոտելու ամեն ինչ։ Կարոտելու համար ընդհանրապես պարտադիր պայման չի բաժանված լինելը։ Օրինակ կարող եմ էդ պահին լինել ընկերներիցս ինչ֊որ մեկի հետ, ով 2 ժամից գնալու ա ու զգամ որ ահավոր անտանելի կարոտում եմ իրեն հենց էդ ապահին, ոչ թե մեր բաժանումից հետո։ Ու ես կարոտոտում եմ ամեն ինչ. մարդկանց, տեղերը որ եղել եմ, քայլածս ճանապարհները, եղանակները, գույները, ձայները, զգացողությունները, օրերը։ Օրերը։ Օրերը կարոտելը ամենադժվարն ա, որովհետև դու կարող ես տեսնել կարոտածդ մարդկանց ու կարոտդ առնել, լսել կարոտածդ երաժշտությունը, լինել կարոտածդ տեղերում, բայց կարոտածդ օրերը նորից ապրել չես կարող։ Քեզ մնում ա մենակ հիշել ու ավելի շատ կարոտել։ Ու որոշեցի պատմեմ էն օրերից մի քանիսի մասին, որոնք իրոք ահավոր կարոտում եմ։

***
Ես, Վարդանն ու Անժելը Թումանյանի այգում էինք։ Անժելին անհիշելի ժամանակներից չէի տեսել, որովհետև սկսել էր աշխատել։ Ընդհանրապես իրենք էն մարդիկ էին, ովքեր ինձ ստիպում էինք տանը զգալ անկախ նրանից թե որտեղ կլինեի։ Ու էդ օրը շատ թույն էր։ Երկար ժամանակ անձրև էր գալիս, իսկ էդ օրը երկինքը կաապույտ-կապույտ էր, արևը՝ պայծառ-պայծառ։ Նստել էինք նստարանին ու պայմանավորվել, որ երբ ինչ-որ մեկը անցնի մեր մոտով երեքս էլ ոտքը ոտքին գցած նույն դիրքով նստած նայելու ենք հետևից, կապ չունի թե ով կանցնի։ Ահավոր խնդալու էր։ Հիմա արդեն չեմ հիշում թե ինչ էինք խոսում էդ օրը, բայց ամեն ինչ շատ ուրախ էր։ Մենք էինք ուրախ։ Օդում ինչ֊որ համընդհանուր երջանկություն էր կախված, որը բոլորիս հերիքում էր ու հաճելի էր էդ երջանկությունը միասին կիսելը։




***
Ռուբին ու Վարդանը նոր էին ստացել դիպլոմները ու պետք էր էդ նշել։ Որոշել էինք գնալ գարեջուր խմելու։ 2 տարի առաջ ես ալկաշ չէի ու ինչ-որ բան խմելու համար ինձ պետք էր օրերով ու շաբաթներով նախապատրաստվել դրան (ինչքան էլ որ անհավատալի ա սա էն մարդկանց համար, ովքեր ինձ ճանաչում են վերջին մի տարում)։ Բայց դե, ամեն օր ընկերներդ կարմիր դիպլոմ չեն ստանում։ Էդ օրվանից ես սիրահարվեցի մուգ գարեջրին։ Մինչև հիմա թվում ա թե գլխիս մեջ ա էդ օրը Կիլիկիա գարեջրատանը միացրած երաժշտությունը (Guns & Roses), իսկ բերանումս մուգ չֆիլտրված գարեջրի դառնահամը։ Ռուբին ու Վարդանը դրանից մի քանի օր առաջ ավտոստոպ էին արել դեպի Վանաձոր ու ճանապարհին ինչ-որ պապի իրենց ինչ-որ պատմություն էր պատմել Պապ թագավորի ու դիվաօձի մասին ու դիվաօձի պատմությունից ոգեշնչված մենք սկսեցինք լեգենդի մեր տարբերակը գրել։ Ամեն մեկս մի նախադասություն էր գրում ու իրար շարունակում էինք։ Ահավոր ինչ֊որ բան ստացվեց, որը բնորոշող ամենամոտիկ ժամրը երևի սայֆայ գեյ պոռնոն կլիներ։ Ռուբին հիմա Հայաստանում չի ու ամեն անգամ իրեն կարոտելիս սկսում եմ նաև էս օրը կարոտել։ Հա, ու վերջին անգամ էդ օրն եմ ջերմուկ խմել։

***
Արսենի ծնունդն էինք նշում։ Արտակարգ թույն օր էր։ Բայց ամենահավեսը օրվա վերջն էր։ Գազազյան Մարինեին ճանապարհելուց հետո Արմենի հետ որոշեցինք որ մանդարին ու պաղպաղակ պետք ա առնենք ու տանենք հետներս։ Համարյա բոլորը գնացել էին, մնացել էինք Արսենը, Մերին, Գոռը, Արմենը ու ես։ Սենց ծայրահեղ հանգիստ ու ընտանեկան ինչ-որ վիճակներ էին։ Թեյ էինք խմում ու պաղպաղակ ուտում։ Հետո Գոռն ու Արմենը քնեցին, իսկ մենք մեր սիրած երգերն էինք լսում ու կամաց երգում քթի տակ։ Էդ ժամանակահատվածը իմ կյանքում լավագույններից չէր, բայց էդ օրը կյանքիս լավագույն օրերից էր։ Ու հա, երևի էդ օրը վերջացավ կյանքիս ամենաուժեղ փոթորիկներից մեկը ու վերջին 2 ամիսների ընթացքում առաջին անգամ էլի խաղաղվեցի։ Էս օրը գնդակահարության պատի տակ կանգնած հիշելու օրերից էր։

***
Հաջորդ օրը ախպերս բանակ էր գնում։ Ինքը իրականում մորաքրոջս տղան ա, բայց մենք միասին ենք մեծացել, պապի ծխախոտները միասին գողացել ու խեղդվելով թաքուն ծխել, սարսափ ֆիլմեր միասին նայել ու միասին հոգի կանչել, ինքը ախպերս ա։ Գիշերը ժամը երկուսն էր, բոլորը քնել էին, իսկ մենք դեռ խոսում էինք։ Հետո տեսանք որ մի շիշ օղի կա ու որոշեցինք՝ քանի որ առաջիկա 2 տարիների ընթացքում սա միասին խմելու վերջին հնարավորությունն ա, խմենք, ի՞նչ ա էղել որ, հետո՞ ինչ որ օղի ա ու մենք օղի տանել չենք կարողանում։ Սկզբում ահավոր էր, իսկ հետո էլ չեմ հիշում։ Մենակ հիշում եմ, որ մի քանի մամա ու մի քանի մորքուր կար սենյակում, որ ապշած մեզ էին նայում, իսկ մենք անկապ ծիծաղում էինք, որովհետև իրենք մեր աչքին մի քանի հատ էին երևում։ Ու սենց կարոտում եմ էդ օրը, որովհետև հիմա խմելուց երկուսիցս ոչ մեկը չի սկսում էն ժամանակվա պես անկապ խոսալ, որովհետև մաման ու մորքուրը էլ ապշած մեզ չեն նայում, որովհետև առավոտ էլ էն անտանելի խումհարը չի լինում, որ քեզ թվում ա թե թափանցիկ կլոր գնդի մեջ ես ու քայլելիս էդ գունդը գլորվում ա ու էդ էլ քիչ ա, մի բան էլ ձայնն ա արձագանքում գլխումդ։ Ու որովեհտև մենք մեծացել ենք։

***

Արուսը իմ կյանքի ամենաարևներից ա։ Կապ չունի թե ինչքան ուշ-ուշ կտեսնեմ իրեն, ինչ-որ անսահման ջերմ բան եմ զգում իր նկատմամբ, որ ոչ ժամանակն ա փոխում ոչ էլ տարածությունը։ Ու ես ու Արուսը սովորաբար մեր հանդիպումներին միշտ ինչ-որ պահի լաց ենք լինում։ Երջանկությունից հուզվում ենք, մենք էլ ղզիկ ենք, ի՞նչ անենք։ Արուսի ընդունելության քննություններից առաջ էր։ Մենք Ազգային գրադարանբում համարյա ամեն օր հանդիում էինք որ պարապենք, յանի, բայց էդ պարապելու ընթացքում հասցնում էինք պոնչիկ ուտել, տաք շոկոլադ խմել ու մեկ-մեկ Սունդուկյանի այգում խոտերին էին փռվում ու խոսում ամեն տեսակ անկապ բաներից։ Էդ օրը Արուսին սպասելիս մտել էի եկեղեցի, որովհետև կիրակի էր, պատարագ կար ու դե ես էլ սիրում եմ եկեղեցական երաժշտությունը ու միանձնուհիներից մեկը վրես մուննաթ էր էկել, թե ես ոնց եմ համարձակվում գլխաբաց եկեղեցի մտնել։ Արուսին էի պատմում էդ դեպքը ու մենք մի կուշտ ծիծաղում էինք։

շարունակելի․․․

Saturday, July 21, 2018

Մենակ ապրելու մասին

Իմանալով որ մենակ եմ ապրում, մարդիկ երկու տեսակի ռեակցիա են տալիս

ա․ ո՞նց, դու մենակ ես ապրում, բա ո՞նց ես ձգում
բ․ երնեկ քեզ, դու մենակ ես ապրում։

Հաստատ կարող եմ ասել, որ 20 տարիների կյանքիս ընթացքում մենակ ապրելը հետս էղած լավագույն բաներից ա։ Չնայած, որ էս ունի իր թերությունները, առավելություններն ավելի շատ եմ գնահատում։ Պատմեմ, թե ինչ ա տվել ինձ մենակ ապրելը։

Ես մեծացել եմ ծնողներիս աչքերում։ Մերոնց երկար սպասված առաջնեկն եմ էղել ու ինձ միշտ շրջապատել են հոգատարությամբ, փորձել ամեն ինչից պաշտպանել ու էդ գերպաշտպանողականությունը ազդում էր։ Ես միշտ փոքր էի իրենց աչքում, միշտ պետք էր օգնել ինձ, անգամ էն ժամանակ երբ չէի էլ խնդրել էդ օգնությունը։ Երբ նոր էի սկսել մենակ ապրել, մաման ահավոր ծանր էր տանում, թե ոնց եմ հասցնելու դասի գնալ, գործի գնալ ու իմ մասին հոգ տանել։ Հետո որ տեսավ չէ, ոնց որ մոտս վատ չի ստացվում, մի քիչ հանգստացավ։ Հիմա էլ հազար անգամ չի զանգում ու հարցնում թե ինչ եմ կերել, ինձ ո՞նց եմ զգում ու էլի նման մամայական բաներ։ Մերոնք սկսել են հաշվի նստել որոշումներիս հետ, էլ չեն փորձում ազդել դրանց վրա, որ "ինձ ավելի լավ լինի"։ Ու էդ թույն ա։ Վերջապես զգում եմ, որ դուխով կարող եմ սխալվել ու էդ սխալների միակ մեղավորը ես կլինեմ։ Նենց հաճելի զգացողություն ա, չեք պատկերացնի։

Ես հիմա ունեմ ավելի մեծ անձնական  տարածք։ Կապ չունի, թե ինչքան մեծ ա տունը, երբ դու կիսում ես էդ ինչ-որ մեկի հետ, դու արդեն ունես մի շարք պարտականություններ էդ տան հետ կապված ու էդ ուրիշ մեկի ներկայությունը սահմանափակում ա քեզ։ Իսկ երբ մենակ ես ապրում, դու լրիվ ազատ ես որոշել թե ե՞րբ ես ափսեները լվանալու կամ լվացք անել, աղբը հիմա՞ թափել թե՞ առավոտ, միջանցքու՞մ դաս անել թե՞ բաղնիքում ու վերջապես՝ գիշերվա հազարին առանց ականջակալների երաժշտություն կլսես ու ոչ մեկին քնից չես հանի։ Երբ խոհանոցում որոշում ես իմխրովիզներ անել, մաման չի գալիս կանգնում գլխիդ ու ասում որ չգիտեմ, էդ բրոկոլին էդ պանրի հետ մի խառնի, ուտել չի լինի, էն դեպքում երբ սովորաբար իմպրովիզների արդյունքում գլուխգործոցներ են ծնվում։

Մենակ ապրելով լիքը նոր հմտություններ ես ձեռք բերում։ Սկզբում փոխում ես փչացած էլեկտրական լամպերը, հետո խցանված խողովակներն ես դզել սովորում, վարդակները փոխել, սարքել փչացած փականները, արդուկը, սկսում ես թույն դռներ ու պատուհաններ ներկել, սովորում ես հագուստի վրայից մաքրել համարյա բոլոր տեսակի հետքերը։ Խոհարարական տաղանդը բացահայտելու մասին էլ չեմ խոսում։

Ավելի խնայող ես դառնում, որովհետև գիտես՝ դու ունես էդքան աշխատավարձ, որից էսքանը պետք ա տաս տան վարձն ու կումունալները, էսքանը ծախսես տան համար մանր-մունր զրթիկներ առնելու վրա ու քեզ տակը մնում ա էսքանը։

Ժամանակի ընթացքում սկսում ես կապվել տանդ հետ։ Գալիս ա մի պահ, երբ դադարելով ես ապրել տանդ մեջ սկսում ես ապրել տան հետ։ Զգում ես քո զգացմունքների ու տրամադրությունների արտացոլանքը տանդ վրա, ու աշխատում ես ամեն կերպ հոգ տանել տանդ մասին, որ չտխրի հանկարծ։ Սիրուն վարագույր ես կախում, դարչինի հոտով մոմեր ես վառում, 3 օրը մեկ թարմ երիցուկներ առնում տանդ համար։ Ու հետո, երբ տուն ես գալիս, անկախ նրանից թե ինչ սթրեսային ու լարված օր ես ունեցել, տանդ հոտից, գույներից, տրամադրությունից խաղաղվում ես ու էներգիայի նոր պաշար ստանում։

Ճիշտ ա, մենակ ապրելը նաև իր վատ կողմերը ունի։ Օրինակ, որ սոված գործից տուն ես գնում, ոչ ոք քո համար ուտելիք սարքած չի լինում։ Կամ հիվանդ ժամանակ ոչ ոք քեզ թեյ չի տալիս ու էդ մի բաժակ տաք ջրի համար ստիպված ես խոհանոց հասնել ու հետ գալ։ Ու մեկ էլ ամեն անգամ ջրի մարդը երբ գալիս ա ջրաչափի ցուցմունքը նայելու, տանը մարդ չի լինում ու դու ամիսը մի անգամ ստիպված ես նկարել ու վայբերով ուղարկել էդ անտեր ցուցմունքը։ Բայց անկախ ամեն ինչից շատ թույն ա երբ դու ես քո գլխի տերը։ Ու եթե մի օր իմ էրեխեքը որպես այդպիսին գոյություն ունենան, ես ամեն ինչ կանեմ, որ իրենք ուզեն մենակ ապրել :D

Sunday, July 8, 2018

Հարաբերությունների մասին

Որոշեցի, որ ամեն օր գրելու եմ, ամեն օր ինչ-որ բանի մասին։ Ի վերջո անհնար ա, որ օրվա 23 ժամ, 56 րոպե ու 4 վայրկյանի ընթացքում չլինի նենց բան, որի մասին արժեր գրել։ 

Էդիտան իմ նոր կոլեգաներից ա: Իմ նոր կոլեգաներից ա նաև Գոռը՝ Էդիտայի ընկերը։ Էսօր Գոռի ազատ օրն էր ու  Էդիտան ահավոր կարոտում էր իրեն։ Զգացվում էր, որ անընդհատ ուզում ա իրա մասին պատմել, որովհետև միշտ տենց ա․ ինչ-որ մեկի մասին պատմելիս մենք էդ ինչ-որ մեկին մի տեսակ ավելի մոտ ենք զգում։ Խոսքի մեջ ասեց՝ ինքը իմ սիրտն ա, ես չեմ կարա առանց իրա ապրեմ, ո՞նց կարաս ապրես առանց սրտի։ Աչքերը դեմքի վրա պսպզում էին ամեն անգամ Գոռի մասին խոսելիս։ Ու ես էդ պահին էնքան քաջ չէղա, որ ասեմ, թե աշխարհում չկան նենց մարդիկ, առանց որոնց մենք չենք կարող ապրել։ Ինչ էլ լինի, մենք միշտ հակված ենք ապրելու ու ամեն ինչ անում ենք, որ ապրենք։ Եթե կառչում ենք անցյալի հիշողություններից ու թաղվում դեպրեսիայի մեջ, էդ անում ենք էն պատճառով, որ էդ հիշողությունները մեզ օգնում են ապրել։ Եթե ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան առհավետ ջնջում ենք մեր հիշողություններից, էդ անում ենք, որովհետև մեզ համար ապրելը ավելի հեշտ կդառնար, եթե չհիշեինք էդ մեկին կամ էդ ինչը։ Երևի մեր մեծագույն բնազդը ապրելու բնազդն ա։ Ու էն մնացած բոլոր բնազդները ու ցանկությունները գալիս են հենց ապրել ուզենալուց։ Բայց ամեն անգամ ինչ-որ մեկին սիրելիս մենք մտածում ենք, թե առանց էդ մեկի չենք կարող։ Չէ, կարող ենք։ 

Էդիտան ասում էր, որ սխալ երկրում ա ծնվել։ Որ մի օր երևի կգտնի իր երկիրը ու երևի վերջապես իրեն ապահով կզգա։ Տանը կզգա։ (Երևի իրեն սիրում եմ նաև մեր էս նմանության պատճառով, որ էրկուսս էլ տանը լինելու զգացողությունը չունենք)։ Էսօր գերմաներեն էր պարապում, հարցրեցի՝ ԴԱԱԴ-ին չի՞ ուզում դիմել։ Ասեց՝ մտածում ա 2-րդ կուրսի վերջում հավանաբար կդիմի։ 

— Ուղղակի չգիտեմ հետո ինչ կլինի։ Չգիտեմ՝ ավելի լավ կլինի եթե անցնե՞մ թե՞ չէ։ Չգիտեմ ոնց ա լինելու Գոռի հետ, եթե գնամ։ 
— Ինքն էլ կգա, ի՞նչ ա էղել։
— Ինքը իր ընտանիքը երբեք չի թողնի։ Ու՜ֆ, դարդերս էլի հիշեցրեցիր։ 
— Պետք ա դարդերը միշտ աչքի առաջ ունենալ, հիշել, որ մի օր ուզած-չուզած առճակատվելու ենք դրանց ու փորձել լուծումներ մտածել մինչև կգա էդ պահը։ 
— Տխրեցի, հեսա կլացեմ։ 

Ինձ ահավոր մեղավոր զգացի, էն տպավորությունն էր, որ ինչ-որ թափանցիկ ու փխրուն բան եմ կոտրել։ 

— Էն որ ասում էի դարդերի մասին է, մոռացի։ Խաբում էի, բանի տեղ մի դիր։ Հանգիստ ապրի էսօրով։ Ինչ լինում ա, թող լինի։ 

Գրկեցի Էդիտային, երևի հանգստացավ։ Իսկ ես մտածում էի, որ բոլոր հարաբերություններում ա երևի տենց․ մեկը սովորաբար միշտ տալիս ա, մյուսը սովորաբար միշտ վերցնում։ Մեկը սովորաբար ամեն ինչի պատրաստ ա, մյուսն էլ ա ամեն ինչի պատրաստ, ուղղակի որոշ վերապահումներով։ Մեկի պլանները միշտ տուժում են, որովհետև չեն համընկնում մյուսների պլանների հետ։ Կամ երբ երկուսի պլաններն էլ իրենց ուզածով են գնում, տուժում են հարաբերությունները։ Ու գրողը տանի, ոչ մի բան էլ լավ չի լինելու, ու չի լինելու էդ ամեն ինչից առանց կորուստներով դուրս գալ։ 

Գոռը նեղվել էր, որովհետև Էդիտան ասել էր՝ կզանգեմ ու չէր զանգել։ Դե որովհետև ինքը երբ ինչ-որ բան ա ասում, անում ա։ Մի խոսքով, դասական սովորական ստանդարտ փոքրիկ վեճ։ Գործից հետո կանգառ էինք քայլում ու Էդիտան մի քիչ նեղված ասեց․ 

— Ուֆ, ոչ մի հարաբերություն էլ չեմ ուզում։ Ինչքան թեթև կլինեի, եթե մենակ լինեի։ 

Ու ես մտածում էի՝ հա էլի, իրոք։ Ասենք ամենաիդեալական հարաբերություններում անգամ դու ունես պարտավորություններ, որոնք քարշ տալը միշտ չի, որ հեշտ ու հաճելի են։ Օրինակ, երբ դու գիշերվա հազարին ես տուն գնում, կա ինչ-որ մեկը ով անհանգստանում ա ու սպասում, որ հեսա կզանգես։ Կա ինչ-որ մեկը, ով ակնկալում ա, որ ազատ ժամանակիդ մի զգալի մասը իրեն կտրամադրես։ Մեկ-մեկ դու պետք ա հանուն իրեն ինչ-որ բաներ անես, օրինակ գնաս բարեկամներից մեկի դեբիլ ծնունդին կամ հագնես էն շորը որ քեզ դուր չի գալիս, բայց փոխարենը դուր ա գալիս իրան։ Դու քեզ դնում ես ինչ-որ շրջանակների մեջ, հաճախ առանց անգամ գիտակցելու, որ էդ շրջանակ ա  ու դու սահմանափակում ես ինքդ քեզ։ Ու հա, գրողը տանի, ինչքան թեթև եմ ես, երբ մենակ եմ, երբ ոչ մեկին չեմ ասում, որ էսօր ուշ եմ տուն գնալու, չանհանգստանաս կամ որ ոչ մեկի համար չեմ անհանգստանալու, որ ոչ մեկի զանգին չեմ սպասելու, որովհետև ահավոր ա էդ սպասելու պահը։ Ինչքան հաճելի ա, երբ ես ունեմ ժամանակ ինքս ինձ հետ անցկացնելու համար, օրինակ կարամ ինձ հրավիրեմ զբոսանքի հետո իմ հետ գնամ կարուսել նստեմ ու վերջում պաղպաղակ ուտեմ։ Ինչքան հաճելի ա, երբ իմ ապագայի պլանները հարմարեցված են մենակ ինձ ու ես չեմ մտածում՝ վայ ո՞նց եմ ապրելու, երբ հանկարծ ընդունվեմ էս ինչ համալսարանը ու գնամ երկրից։ Ու գրողը տանի, իրականում էդքան էլ վատ չի մենակ լինելը։ Ու երբ հաշտվում ես ինքդ քեզ հետ, անգամ թույն ա։ Ուղղակի եսիմ, երևի մենք երբեմն հոգնում ենք անընդհատ ինքներս մեր մասին հոգ տանելուց ու ուզում ենք, որ ուրիշը էդ անի։ Ու էդ էլ ա բնորոշ մարդուն՝ թռնել ինչ-որ գործից, երբ դրա հնարավորությունը կա :D 


Friday, July 6, 2018

Մասնագիտության ընտրության մասին

Անին միջին վիճակագրական էրեխա էր՝ քաշը 3 կգ, հասակը 55 սմ։ Յոթ ամսեկանում ծկթեցին առաջին ատամները, ու ծնողները ատամհատիկ արեցին։ Էդ համարյա 20 տարի առաջ էր։ Էն ժամանակ սենց թիթիզ զրթիկներ չէին անում, տանը ինչ գտնեին,  շարում էին երեխայի դիմաց, որն ընտրեց, ընտրեց։ Անին, դիտմամբ թե պատահմամբ, վերցնում ա հարթաշուրթը ( Плоскогубцы) ու ակցանը: Տատին շատ ծանր ա տանում էս հանգամանքը, ո՞նց, հարթաշու՞րթ, բա աղջիկը խադավիկ կդառնա՞։ Հետո ազգովի ժողով են անում ու որոշում, որ կա-չկա էս էրեխեն բժիշկ ա դառնալու։ Հենց Անին մի քիչ մեծանում ա, բոլորը սկսում են լցնել էրեխու գլուխը բժիշկ դառնալու մտքերով։ Ինչ-որ մեկը ասել էր, որ էրեխեքը սպիտակ թերթի են նման․ ինչ ուզես կգրես ու ինչ ուզես կստանաս էդ էրեխուց ու ես հակված եմ հավատալ դրան։ Քանի որ Անին էդ սպիտակ թերթն էր ու իր վրա շատ հեշտ էր գրելը, Անին որոշում ա բժիշկ դառնալ։ Բարձր դասարաններում կենսաբ ու քիմիա ա պարապում, կաշվից դուրս ա գալիս, որ ծնողների հույսերը արդարացնի։ Անին բնականաբար ընդունվում ա, բայց դե 17-18 տարեկան էրեխա, բնականաբար սթրեսող ա էն միտքը, որ դու քննություն ես հանձնելու ու էդ քննության արդյունքներից կախված ա, թե դու ուսանող կլինե՞ս սեպտեմբերին թե՞ չէ։ "Թե չէ" տարբերակը չի էլ քննարկվում, որովհետև ամոթ ա մի տարի տանը մնալը ու հանգստանալը, համ էլ ժամանակիցդ ա գնում, մի տարի իզուր կորցնում ես։ Ընդունվելուց հետո Անին, ում բարձրագույն կրթության մասին սիրուն հեքիաթներով էին սնել, բախվում ա ՀՀ կրթությանն ու չեղած գիտությանը։ Համալսարանում սովորած տարիները դառնում են հիասթափության տարիներ։ Չմանրանանք։ Համալսարանը ավարտելուց հետո Անին բնականաբար սկսում ա աշխատել ու դառնում ա իդեալական մարդ մեքենա՝ առավոտ սուրճը խմող ու գործի վազող, ընդմիջումների ժամանակ էլ մեկ-մեկ մտածող, որ գուցե ամեն ինչ ավելի լավ լիներ, իրեն ավելի երջանիկ ու բավարարված զգար ուրիշ մասնագիտություն ընտրած լինելու դեպքում։ Բայց դե յեքա մարդ ա, տուն-տեղ-ընտանիք, հազար դարդ ու ցավ կա, ինչ նոր մասնագիտության մասին ա խոսքը։ Ու միջին վիճակագրական Անին ապրում ու մեռնում ա մինչև վերջ միջին վիճակագրական մարդու նման, էն դեպքում, երբ ինքը կարող էր լինել յուրահատուկ, լինել ուրիշ, լինել էն մեկը ում պես, ուրիշ ոչ ոք չէր կարողանա անել իր աշխատանքը։

Մեր հասարակությունը էնքան ա կարևորում ապագա մասնագիտության ընտրությունը, որ փորձում ա էդ փաթաթել երեխայի վզին սկսած էն պահից, երբ խեղճի ատամները դեռ նոր են դուրս էկել։ Ճիշտ ա, էդ պահին դա էնքան էլ մասնագիտությունը վզին փաթաթել չի դիտարկվում, բայց դե, ամեն դեպքում։ 

Հետո, քանի որ մասնագիտության ընտրությունը շատ կարևոր ա, վերջիվերջո ամբողջ կյանքում էդ մանագիտության հետ ես ապրելու, բոլորը աջուձախ սկսում են քեզ խորհուրդներ տալ։ Էս աղջկական մասնագիտություն ա, էս տղայական մասնագիտություն ա։ Է՞ս, չէ, էս լավը չի, սրանով փող չես աշխատի։ Է՞ս մեկը, չէ, էս քո համար չի։ Այ էս ինքն ա․ հա՛մ մոդայիկ ա, հա՛մ աղջկական, հա՛մ հետո, որ էրեխեք ունենաս, չի խանգարի, հա՛մ էլ կարգին աշխատավարձ կստանաս։

Դպրոցում մաթեմիս դասատուն վստահ էր, որ բնագիտամաթեմաթիկական ուղղությամբ եմ հետո շարունակելու, որ ինձանից լավ հաշվապահ, տնտեսագետ, մաթեմատիկոս, վերջիվերջո մաթեմի դասատու դուրս կգա։ Ինքը էնքան վստահ էր ասում էդ ամենը, որ ես որոշեցի լեզվաբան դառնալ։ Ինչի համար չեմ ափսոսում, չնայած եթե էդքան գլուխ տարած չլիներ, կարողա մաթեմատիկոս լինեի, ինչ կա։ Հիմա պատկերացրեք, թե ինչքան մարդ տիեզերագնաց չի դառնում, որովհետև իրեն ասել են, թե չի կարող։ Ինչքան մարդ լրագրող չի դառնում, որովհետև իրեն ասել են՝ բա դա քեզ պե՞տք ա, գնալու ես գլուխդ ուտես։ Ու ինչքան մարդ է ամեն տարի դառնում ուսուցիչ, որովհետև իրեն ամեն քայլափոխի ասել են՝ դե հեշտ կլնի, կվերջացնես, հետո մեր դպրոցում էլ կաշխատես։ Մեր հասարակությունում նաև ընդունված ա էն, որ էրեխեն պետք ա գնա մանկապարտեղ, հետո դրպոց, հետո միանգամից համալսարան, որ հանկարծ ժամանակ չկորցնի։ Ամոթ ա, եթե դպրոցը վերջացնես ու մի տարի ոչինչ չանես, հանգստանաս, հասկանաս, թե ինչ ես ուզում անել կամ եթե արդեն ընտրել ես ապագա մասնագիտությունդ, համոզվես որոշմանդ մեջ։ Բայց չէ, տասներկուերորդ դասարանի ավարտական քննություններին պետք ա մի հատ էլ ընդունելության քննությունները միանան ու խեղճ աշակերտի կյանքի էդ փուլը դժոխային եսիմ ինչ սարքեն սթրեսներով ու անկապ վախերով լի։ Չի քննարկվում նաև համալսարանը կիսատ թողնելու տարբերակը․ էդքան փող ու ժամանակ ես դրել էդ դիպլոմը ստանալու համար, բա ափսոս չի՞։ Ոչինչ, դու սովորի, հետո ամբողջ կյանքում կապրես չսիրածդ մասնագիտության հետ ու չսիրածդ գործը անելով։ Կամ էլ չես աշխատի, ոնց կուզես։

Եթե մի օր ես էրեխեք ունենամ (եթե հանկարծ էլի), ես չեմ ասելու՝ այ եթե դու դառնաս էս, դու կունենաս շատ փող, կկարենաս անել էս, էս էս, բլա բլա բլա բլա բլա։ Զուտ քիչ-քիչ կամաց-կամաց կխոսենք տարբեր մասնագիտոթյուններից, թե ո՞վ ա հրշեջը, փրկարարը, տիեզերագնացը, խոհարարը, ի՞նչ պետք ա անի, ի՞նչ չպետք ա անի։ Ես կաշխատեմ հնարավորինս քիչ գրել իրենց վրա, որ իրենք հնարավորինս մաքուր մնան։ Իրենք միշտ կիմանան, որ ունեն սխալվելու հնարավորություն, որ ոչինչ եթե կեսից հասկացել ես, որ ընտրածդ մասնագիտությունը իրականում էնքան էլ քոնը չի ու ուշ չի նոր բան փորձելու համար։ Եթե Անին իմ էրեխեն լիներ, ինքը կիմանար, որ չկան աղջկական ու տղայական, լավ ու վատ, պետքական ու անպետք մասնագիտություններ։ Կիմանար, որ ավելի կարևոր ա անել էն, ինչ դու ես ուզում անել ու քո արածից երջանիկ լինել քան անել էն, ինչ ակնկալում է հասարակությունը։ Եթե Անին իմ էրեխեն լիներ, կարող ա տիեզերագնաց դառնար, թռներ Մարս ու առաջին մարդը լիներ, ով էդ մոլորակի վրա ոտք կդներ։ Կարող ա կոշկակար դառնար, առավոտ շուտ գնար իր արհեստանոց ու մինչև ուշ գիշեր լիքը սեր դնելով կոշիկներ կկարեր։ Կամ գրականության ուսուցիչ, ում դասերին էրեխեքը չէին քնի, չէին փախնի դասից, կկարդային հանձնարարված գրքերը, որովհետև Անին կլիներ լավագույնը, ով իր մասնագիտությունը էնքան շատ կսիրեր, որ էդ սիրով կվարակեր ուրիշներին էլ։

Իրականում ինչի՞ եմ էս ամեն ինչը գրում։ Մամ, պապ, ես հասկացել եմ, որ կենսաբան եմ ուզում դառնալ։ Բակալավրս կիսատ չեմ թողնի, որովհետև ինձ դուր ա գալիս նաև լեզվաբանությունը, բայց վերջացնելուց հետո երկրորդ բակալավր եմ անելու։ Ու ոչինչ, որ ես կուրսեցիներիցս 4 տարի մեծ կլինեմ, որ հասակակակիցներս էրեխեք կունենան, իսկ ես թեզս կպաշտպանեմ, բայց հո՞ կունենամ սիրած մասնագիտություն։ Ու որովհետև երբեք ուշ չի նոր բան սովորելու համար։