Friday, July 6, 2018

Մասնագիտության ընտրության մասին

Անին միջին վիճակագրական էրեխա էր՝ քաշը 3 կգ, հասակը 55 սմ։ Յոթ ամսեկանում ծկթեցին առաջին ատամները, ու ծնողները ատամհատիկ արեցին։ Էդ համարյա 20 տարի առաջ էր։ Էն ժամանակ սենց թիթիզ զրթիկներ չէին անում, տանը ինչ գտնեին,  շարում էին երեխայի դիմաց, որն ընտրեց, ընտրեց։ Անին, դիտմամբ թե պատահմամբ, վերցնում ա հարթաշուրթը ( Плоскогубцы) ու ակցանը: Տատին շատ ծանր ա տանում էս հանգամանքը, ո՞նց, հարթաշու՞րթ, բա աղջիկը խադավիկ կդառնա՞։ Հետո ազգովի ժողով են անում ու որոշում, որ կա-չկա էս էրեխեն բժիշկ ա դառնալու։ Հենց Անին մի քիչ մեծանում ա, բոլորը սկսում են լցնել էրեխու գլուխը բժիշկ դառնալու մտքերով։ Ինչ-որ մեկը ասել էր, որ էրեխեքը սպիտակ թերթի են նման․ ինչ ուզես կգրես ու ինչ ուզես կստանաս էդ էրեխուց ու ես հակված եմ հավատալ դրան։ Քանի որ Անին էդ սպիտակ թերթն էր ու իր վրա շատ հեշտ էր գրելը, Անին որոշում ա բժիշկ դառնալ։ Բարձր դասարաններում կենսաբ ու քիմիա ա պարապում, կաշվից դուրս ա գալիս, որ ծնողների հույսերը արդարացնի։ Անին բնականաբար ընդունվում ա, բայց դե 17-18 տարեկան էրեխա, բնականաբար սթրեսող ա էն միտքը, որ դու քննություն ես հանձնելու ու էդ քննության արդյունքներից կախված ա, թե դու ուսանող կլինե՞ս սեպտեմբերին թե՞ չէ։ "Թե չէ" տարբերակը չի էլ քննարկվում, որովհետև ամոթ ա մի տարի տանը մնալը ու հանգստանալը, համ էլ ժամանակիցդ ա գնում, մի տարի իզուր կորցնում ես։ Ընդունվելուց հետո Անին, ում բարձրագույն կրթության մասին սիրուն հեքիաթներով էին սնել, բախվում ա ՀՀ կրթությանն ու չեղած գիտությանը։ Համալսարանում սովորած տարիները դառնում են հիասթափության տարիներ։ Չմանրանանք։ Համալսարանը ավարտելուց հետո Անին բնականաբար սկսում ա աշխատել ու դառնում ա իդեալական մարդ մեքենա՝ առավոտ սուրճը խմող ու գործի վազող, ընդմիջումների ժամանակ էլ մեկ-մեկ մտածող, որ գուցե ամեն ինչ ավելի լավ լիներ, իրեն ավելի երջանիկ ու բավարարված զգար ուրիշ մասնագիտություն ընտրած լինելու դեպքում։ Բայց դե յեքա մարդ ա, տուն-տեղ-ընտանիք, հազար դարդ ու ցավ կա, ինչ նոր մասնագիտության մասին ա խոսքը։ Ու միջին վիճակագրական Անին ապրում ու մեռնում ա մինչև վերջ միջին վիճակագրական մարդու նման, էն դեպքում, երբ ինքը կարող էր լինել յուրահատուկ, լինել ուրիշ, լինել էն մեկը ում պես, ուրիշ ոչ ոք չէր կարողանա անել իր աշխատանքը։

Մեր հասարակությունը էնքան ա կարևորում ապագա մասնագիտության ընտրությունը, որ փորձում ա էդ փաթաթել երեխայի վզին սկսած էն պահից, երբ խեղճի ատամները դեռ նոր են դուրս էկել։ Ճիշտ ա, էդ պահին դա էնքան էլ մասնագիտությունը վզին փաթաթել չի դիտարկվում, բայց դե, ամեն դեպքում։ 

Հետո, քանի որ մասնագիտության ընտրությունը շատ կարևոր ա, վերջիվերջո ամբողջ կյանքում էդ մանագիտության հետ ես ապրելու, բոլորը աջուձախ սկսում են քեզ խորհուրդներ տալ։ Էս աղջկական մասնագիտություն ա, էս տղայական մասնագիտություն ա։ Է՞ս, չէ, էս լավը չի, սրանով փող չես աշխատի։ Է՞ս մեկը, չէ, էս քո համար չի։ Այ էս ինքն ա․ հա՛մ մոդայիկ ա, հա՛մ աղջկական, հա՛մ հետո, որ էրեխեք ունենաս, չի խանգարի, հա՛մ էլ կարգին աշխատավարձ կստանաս։

Դպրոցում մաթեմիս դասատուն վստահ էր, որ բնագիտամաթեմաթիկական ուղղությամբ եմ հետո շարունակելու, որ ինձանից լավ հաշվապահ, տնտեսագետ, մաթեմատիկոս, վերջիվերջո մաթեմի դասատու դուրս կգա։ Ինքը էնքան վստահ էր ասում էդ ամենը, որ ես որոշեցի լեզվաբան դառնալ։ Ինչի համար չեմ ափսոսում, չնայած եթե էդքան գլուխ տարած չլիներ, կարողա մաթեմատիկոս լինեի, ինչ կա։ Հիմա պատկերացրեք, թե ինչքան մարդ տիեզերագնաց չի դառնում, որովհետև իրեն ասել են, թե չի կարող։ Ինչքան մարդ լրագրող չի դառնում, որովհետև իրեն ասել են՝ բա դա քեզ պե՞տք ա, գնալու ես գլուխդ ուտես։ Ու ինչքան մարդ է ամեն տարի դառնում ուսուցիչ, որովհետև իրեն ամեն քայլափոխի ասել են՝ դե հեշտ կլնի, կվերջացնես, հետո մեր դպրոցում էլ կաշխատես։ Մեր հասարակությունում նաև ընդունված ա էն, որ էրեխեն պետք ա գնա մանկապարտեղ, հետո դրպոց, հետո միանգամից համալսարան, որ հանկարծ ժամանակ չկորցնի։ Ամոթ ա, եթե դպրոցը վերջացնես ու մի տարի ոչինչ չանես, հանգստանաս, հասկանաս, թե ինչ ես ուզում անել կամ եթե արդեն ընտրել ես ապագա մասնագիտությունդ, համոզվես որոշմանդ մեջ։ Բայց չէ, տասներկուերորդ դասարանի ավարտական քննություններին պետք ա մի հատ էլ ընդունելության քննությունները միանան ու խեղճ աշակերտի կյանքի էդ փուլը դժոխային եսիմ ինչ սարքեն սթրեսներով ու անկապ վախերով լի։ Չի քննարկվում նաև համալսարանը կիսատ թողնելու տարբերակը․ էդքան փող ու ժամանակ ես դրել էդ դիպլոմը ստանալու համար, բա ափսոս չի՞։ Ոչինչ, դու սովորի, հետո ամբողջ կյանքում կապրես չսիրածդ մասնագիտության հետ ու չսիրածդ գործը անելով։ Կամ էլ չես աշխատի, ոնց կուզես։

Եթե մի օր ես էրեխեք ունենամ (եթե հանկարծ էլի), ես չեմ ասելու՝ այ եթե դու դառնաս էս, դու կունենաս շատ փող, կկարենաս անել էս, էս էս, բլա բլա բլա բլա բլա։ Զուտ քիչ-քիչ կամաց-կամաց կխոսենք տարբեր մասնագիտոթյուններից, թե ո՞վ ա հրշեջը, փրկարարը, տիեզերագնացը, խոհարարը, ի՞նչ պետք ա անի, ի՞նչ չպետք ա անի։ Ես կաշխատեմ հնարավորինս քիչ գրել իրենց վրա, որ իրենք հնարավորինս մաքուր մնան։ Իրենք միշտ կիմանան, որ ունեն սխալվելու հնարավորություն, որ ոչինչ եթե կեսից հասկացել ես, որ ընտրածդ մասնագիտությունը իրականում էնքան էլ քոնը չի ու ուշ չի նոր բան փորձելու համար։ Եթե Անին իմ էրեխեն լիներ, ինքը կիմանար, որ չկան աղջկական ու տղայական, լավ ու վատ, պետքական ու անպետք մասնագիտություններ։ Կիմանար, որ ավելի կարևոր ա անել էն, ինչ դու ես ուզում անել ու քո արածից երջանիկ լինել քան անել էն, ինչ ակնկալում է հասարակությունը։ Եթե Անին իմ էրեխեն լիներ, կարող ա տիեզերագնաց դառնար, թռներ Մարս ու առաջին մարդը լիներ, ով էդ մոլորակի վրա ոտք կդներ։ Կարող ա կոշկակար դառնար, առավոտ շուտ գնար իր արհեստանոց ու մինչև ուշ գիշեր լիքը սեր դնելով կոշիկներ կկարեր։ Կամ գրականության ուսուցիչ, ում դասերին էրեխեքը չէին քնի, չէին փախնի դասից, կկարդային հանձնարարված գրքերը, որովհետև Անին կլիներ լավագույնը, ով իր մասնագիտությունը էնքան շատ կսիրեր, որ էդ սիրով կվարակեր ուրիշներին էլ։

Իրականում ինչի՞ եմ էս ամեն ինչը գրում։ Մամ, պապ, ես հասկացել եմ, որ կենսաբան եմ ուզում դառնալ։ Բակալավրս կիսատ չեմ թողնի, որովհետև ինձ դուր ա գալիս նաև լեզվաբանությունը, բայց վերջացնելուց հետո երկրորդ բակալավր եմ անելու։ Ու ոչինչ, որ ես կուրսեցիներիցս 4 տարի մեծ կլինեմ, որ հասակակակիցներս էրեխեք կունենան, իսկ ես թեզս կպաշտպանեմ, բայց հո՞ կունենամ սիրած մասնագիտություն։ Ու որովհետև երբեք ուշ չի նոր բան սովորելու համար։


No comments:

Post a Comment