Saturday, July 21, 2018

Մենակ ապրելու մասին

Իմանալով որ մենակ եմ ապրում, մարդիկ երկու տեսակի ռեակցիա են տալիս

ա․ ո՞նց, դու մենակ ես ապրում, բա ո՞նց ես ձգում
բ․ երնեկ քեզ, դու մենակ ես ապրում։

Հաստատ կարող եմ ասել, որ 20 տարիների կյանքիս ընթացքում մենակ ապրելը հետս էղած լավագույն բաներից ա։ Չնայած, որ էս ունի իր թերությունները, առավելություններն ավելի շատ եմ գնահատում։ Պատմեմ, թե ինչ ա տվել ինձ մենակ ապրելը։

Ես մեծացել եմ ծնողներիս աչքերում։ Մերոնց երկար սպասված առաջնեկն եմ էղել ու ինձ միշտ շրջապատել են հոգատարությամբ, փորձել ամեն ինչից պաշտպանել ու էդ գերպաշտպանողականությունը ազդում էր։ Ես միշտ փոքր էի իրենց աչքում, միշտ պետք էր օգնել ինձ, անգամ էն ժամանակ երբ չէի էլ խնդրել էդ օգնությունը։ Երբ նոր էի սկսել մենակ ապրել, մաման ահավոր ծանր էր տանում, թե ոնց եմ հասցնելու դասի գնալ, գործի գնալ ու իմ մասին հոգ տանել։ Հետո որ տեսավ չէ, ոնց որ մոտս վատ չի ստացվում, մի քիչ հանգստացավ։ Հիմա էլ հազար անգամ չի զանգում ու հարցնում թե ինչ եմ կերել, ինձ ո՞նց եմ զգում ու էլի նման մամայական բաներ։ Մերոնք սկսել են հաշվի նստել որոշումներիս հետ, էլ չեն փորձում ազդել դրանց վրա, որ "ինձ ավելի լավ լինի"։ Ու էդ թույն ա։ Վերջապես զգում եմ, որ դուխով կարող եմ սխալվել ու էդ սխալների միակ մեղավորը ես կլինեմ։ Նենց հաճելի զգացողություն ա, չեք պատկերացնի։

Ես հիմա ունեմ ավելի մեծ անձնական  տարածք։ Կապ չունի, թե ինչքան մեծ ա տունը, երբ դու կիսում ես էդ ինչ-որ մեկի հետ, դու արդեն ունես մի շարք պարտականություններ էդ տան հետ կապված ու էդ ուրիշ մեկի ներկայությունը սահմանափակում ա քեզ։ Իսկ երբ մենակ ես ապրում, դու լրիվ ազատ ես որոշել թե ե՞րբ ես ափսեները լվանալու կամ լվացք անել, աղբը հիմա՞ թափել թե՞ առավոտ, միջանցքու՞մ դաս անել թե՞ բաղնիքում ու վերջապես՝ գիշերվա հազարին առանց ականջակալների երաժշտություն կլսես ու ոչ մեկին քնից չես հանի։ Երբ խոհանոցում որոշում ես իմխրովիզներ անել, մաման չի գալիս կանգնում գլխիդ ու ասում որ չգիտեմ, էդ բրոկոլին էդ պանրի հետ մի խառնի, ուտել չի լինի, էն դեպքում երբ սովորաբար իմպրովիզների արդյունքում գլուխգործոցներ են ծնվում։

Մենակ ապրելով լիքը նոր հմտություններ ես ձեռք բերում։ Սկզբում փոխում ես փչացած էլեկտրական լամպերը, հետո խցանված խողովակներն ես դզել սովորում, վարդակները փոխել, սարքել փչացած փականները, արդուկը, սկսում ես թույն դռներ ու պատուհաններ ներկել, սովորում ես հագուստի վրայից մաքրել համարյա բոլոր տեսակի հետքերը։ Խոհարարական տաղանդը բացահայտելու մասին էլ չեմ խոսում։

Ավելի խնայող ես դառնում, որովհետև գիտես՝ դու ունես էդքան աշխատավարձ, որից էսքանը պետք ա տաս տան վարձն ու կումունալները, էսքանը ծախսես տան համար մանր-մունր զրթիկներ առնելու վրա ու քեզ տակը մնում ա էսքանը։

Ժամանակի ընթացքում սկսում ես կապվել տանդ հետ։ Գալիս ա մի պահ, երբ դադարելով ես ապրել տանդ մեջ սկսում ես ապրել տան հետ։ Զգում ես քո զգացմունքների ու տրամադրությունների արտացոլանքը տանդ վրա, ու աշխատում ես ամեն կերպ հոգ տանել տանդ մասին, որ չտխրի հանկարծ։ Սիրուն վարագույր ես կախում, դարչինի հոտով մոմեր ես վառում, 3 օրը մեկ թարմ երիցուկներ առնում տանդ համար։ Ու հետո, երբ տուն ես գալիս, անկախ նրանից թե ինչ սթրեսային ու լարված օր ես ունեցել, տանդ հոտից, գույներից, տրամադրությունից խաղաղվում ես ու էներգիայի նոր պաշար ստանում։

Ճիշտ ա, մենակ ապրելը նաև իր վատ կողմերը ունի։ Օրինակ, որ սոված գործից տուն ես գնում, ոչ ոք քո համար ուտելիք սարքած չի լինում։ Կամ հիվանդ ժամանակ ոչ ոք քեզ թեյ չի տալիս ու էդ մի բաժակ տաք ջրի համար ստիպված ես խոհանոց հասնել ու հետ գալ։ Ու մեկ էլ ամեն անգամ ջրի մարդը երբ գալիս ա ջրաչափի ցուցմունքը նայելու, տանը մարդ չի լինում ու դու ամիսը մի անգամ ստիպված ես նկարել ու վայբերով ուղարկել էդ անտեր ցուցմունքը։ Բայց անկախ ամեն ինչից շատ թույն ա երբ դու ես քո գլխի տերը։ Ու եթե մի օր իմ էրեխեքը որպես այդպիսին գոյություն ունենան, ես ամեն ինչ կանեմ, որ իրենք ուզեն մենակ ապրել :D

2 comments:

  1. Էս մի գրառումդ չէի տեսել, նոր էկավ տեղեկացումը։
    Իրոք մենակ ապրելը շատ կայֆ բան ա, ու ահավոր ա, որ հայ ծնողներն էդքան ընդդիմանում են։ Ոնց որ մինչև վերջ չմեծանաս, մինչև մենակ չապրես։ Երևի դրանից ա, որ հայ ջահելների մեջ ահավոր շատ են չհասունացածները։

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ես լրիվ համաձայն եմ հետդ։ Հետո վերջապես իրոք ճանաչում ես քեզ։ Որովհետև եթե ես չսկսեի մենակ ապրել, երբեք ինձ չէի բացահայտի էսքան։ :D

      Delete