Sunday, July 8, 2018

Հարաբերությունների մասին

Որոշեցի, որ ամեն օր գրելու եմ, ամեն օր ինչ-որ բանի մասին։ Ի վերջո անհնար ա, որ օրվա 23 ժամ, 56 րոպե ու 4 վայրկյանի ընթացքում չլինի նենց բան, որի մասին արժեր գրել։ 

Էդիտան իմ նոր կոլեգաներից ա: Իմ նոր կոլեգաներից ա նաև Գոռը՝ Էդիտայի ընկերը։ Էսօր Գոռի ազատ օրն էր ու  Էդիտան ահավոր կարոտում էր իրեն։ Զգացվում էր, որ անընդհատ ուզում ա իրա մասին պատմել, որովհետև միշտ տենց ա․ ինչ-որ մեկի մասին պատմելիս մենք էդ ինչ-որ մեկին մի տեսակ ավելի մոտ ենք զգում։ Խոսքի մեջ ասեց՝ ինքը իմ սիրտն ա, ես չեմ կարա առանց իրա ապրեմ, ո՞նց կարաս ապրես առանց սրտի։ Աչքերը դեմքի վրա պսպզում էին ամեն անգամ Գոռի մասին խոսելիս։ Ու ես էդ պահին էնքան քաջ չէղա, որ ասեմ, թե աշխարհում չկան նենց մարդիկ, առանց որոնց մենք չենք կարող ապրել։ Ինչ էլ լինի, մենք միշտ հակված ենք ապրելու ու ամեն ինչ անում ենք, որ ապրենք։ Եթե կառչում ենք անցյալի հիշողություններից ու թաղվում դեպրեսիայի մեջ, էդ անում ենք էն պատճառով, որ էդ հիշողությունները մեզ օգնում են ապրել։ Եթե ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան առհավետ ջնջում ենք մեր հիշողություններից, էդ անում ենք, որովհետև մեզ համար ապրելը ավելի հեշտ կդառնար, եթե չհիշեինք էդ մեկին կամ էդ ինչը։ Երևի մեր մեծագույն բնազդը ապրելու բնազդն ա։ Ու էն մնացած բոլոր բնազդները ու ցանկությունները գալիս են հենց ապրել ուզենալուց։ Բայց ամեն անգամ ինչ-որ մեկին սիրելիս մենք մտածում ենք, թե առանց էդ մեկի չենք կարող։ Չէ, կարող ենք։ 

Էդիտան ասում էր, որ սխալ երկրում ա ծնվել։ Որ մի օր երևի կգտնի իր երկիրը ու երևի վերջապես իրեն ապահով կզգա։ Տանը կզգա։ (Երևի իրեն սիրում եմ նաև մեր էս նմանության պատճառով, որ էրկուսս էլ տանը լինելու զգացողությունը չունենք)։ Էսօր գերմաներեն էր պարապում, հարցրեցի՝ ԴԱԱԴ-ին չի՞ ուզում դիմել։ Ասեց՝ մտածում ա 2-րդ կուրսի վերջում հավանաբար կդիմի։ 

— Ուղղակի չգիտեմ հետո ինչ կլինի։ Չգիտեմ՝ ավելի լավ կլինի եթե անցնե՞մ թե՞ չէ։ Չգիտեմ ոնց ա լինելու Գոռի հետ, եթե գնամ։ 
— Ինքն էլ կգա, ի՞նչ ա էղել։
— Ինքը իր ընտանիքը երբեք չի թողնի։ Ու՜ֆ, դարդերս էլի հիշեցրեցիր։ 
— Պետք ա դարդերը միշտ աչքի առաջ ունենալ, հիշել, որ մի օր ուզած-չուզած առճակատվելու ենք դրանց ու փորձել լուծումներ մտածել մինչև կգա էդ պահը։ 
— Տխրեցի, հեսա կլացեմ։ 

Ինձ ահավոր մեղավոր զգացի, էն տպավորությունն էր, որ ինչ-որ թափանցիկ ու փխրուն բան եմ կոտրել։ 

— Էն որ ասում էի դարդերի մասին է, մոռացի։ Խաբում էի, բանի տեղ մի դիր։ Հանգիստ ապրի էսօրով։ Ինչ լինում ա, թող լինի։ 

Գրկեցի Էդիտային, երևի հանգստացավ։ Իսկ ես մտածում էի, որ բոլոր հարաբերություններում ա երևի տենց․ մեկը սովորաբար միշտ տալիս ա, մյուսը սովորաբար միշտ վերցնում։ Մեկը սովորաբար ամեն ինչի պատրաստ ա, մյուսն էլ ա ամեն ինչի պատրաստ, ուղղակի որոշ վերապահումներով։ Մեկի պլանները միշտ տուժում են, որովհետև չեն համընկնում մյուսների պլանների հետ։ Կամ երբ երկուսի պլաններն էլ իրենց ուզածով են գնում, տուժում են հարաբերությունները։ Ու գրողը տանի, ոչ մի բան էլ լավ չի լինելու, ու չի լինելու էդ ամեն ինչից առանց կորուստներով դուրս գալ։ 

Գոռը նեղվել էր, որովհետև Էդիտան ասել էր՝ կզանգեմ ու չէր զանգել։ Դե որովհետև ինքը երբ ինչ-որ բան ա ասում, անում ա։ Մի խոսքով, դասական սովորական ստանդարտ փոքրիկ վեճ։ Գործից հետո կանգառ էինք քայլում ու Էդիտան մի քիչ նեղված ասեց․ 

— Ուֆ, ոչ մի հարաբերություն էլ չեմ ուզում։ Ինչքան թեթև կլինեի, եթե մենակ լինեի։ 

Ու ես մտածում էի՝ հա էլի, իրոք։ Ասենք ամենաիդեալական հարաբերություններում անգամ դու ունես պարտավորություններ, որոնք քարշ տալը միշտ չի, որ հեշտ ու հաճելի են։ Օրինակ, երբ դու գիշերվա հազարին ես տուն գնում, կա ինչ-որ մեկը ով անհանգստանում ա ու սպասում, որ հեսա կզանգես։ Կա ինչ-որ մեկը, ով ակնկալում ա, որ ազատ ժամանակիդ մի զգալի մասը իրեն կտրամադրես։ Մեկ-մեկ դու պետք ա հանուն իրեն ինչ-որ բաներ անես, օրինակ գնաս բարեկամներից մեկի դեբիլ ծնունդին կամ հագնես էն շորը որ քեզ դուր չի գալիս, բայց փոխարենը դուր ա գալիս իրան։ Դու քեզ դնում ես ինչ-որ շրջանակների մեջ, հաճախ առանց անգամ գիտակցելու, որ էդ շրջանակ ա  ու դու սահմանափակում ես ինքդ քեզ։ Ու հա, գրողը տանի, ինչքան թեթև եմ ես, երբ մենակ եմ, երբ ոչ մեկին չեմ ասում, որ էսօր ուշ եմ տուն գնալու, չանհանգստանաս կամ որ ոչ մեկի համար չեմ անհանգստանալու, որ ոչ մեկի զանգին չեմ սպասելու, որովհետև ահավոր ա էդ սպասելու պահը։ Ինչքան հաճելի ա, երբ ես ունեմ ժամանակ ինքս ինձ հետ անցկացնելու համար, օրինակ կարամ ինձ հրավիրեմ զբոսանքի հետո իմ հետ գնամ կարուսել նստեմ ու վերջում պաղպաղակ ուտեմ։ Ինչքան հաճելի ա, երբ իմ ապագայի պլանները հարմարեցված են մենակ ինձ ու ես չեմ մտածում՝ վայ ո՞նց եմ ապրելու, երբ հանկարծ ընդունվեմ էս ինչ համալսարանը ու գնամ երկրից։ Ու գրողը տանի, իրականում էդքան էլ վատ չի մենակ լինելը։ Ու երբ հաշտվում ես ինքդ քեզ հետ, անգամ թույն ա։ Ուղղակի եսիմ, երևի մենք երբեմն հոգնում ենք անընդհատ ինքներս մեր մասին հոգ տանելուց ու ուզում ենք, որ ուրիշը էդ անի։ Ու էդ էլ ա բնորոշ մարդուն՝ թռնել ինչ-որ գործից, երբ դրա հնարավորությունը կա :D 


2 comments:

  1. Բարի գալուստ բլոգոլորտ: :) Բայց էս բլոգումդ հետևելու կոճակ չկա՞: Ինչքան ման եկա, չգտա:

    ReplyDelete
    Replies
    1. Մտածում էի՝ ահագին գրառումներ անեմ, մի քիչ խելքի բերեմ, հետո ավելացնեմ էդ կոճակը։ Բլոգս դեռ շատ անկապն ա :D

      Delete