Saturday, August 4, 2018

Սովորական հեքիաթ 1

 
















Կար չկար մի աղջիկ կար: Կարելի է ասել՝ սիրունիկ էր, բայց աչքի չընկնող։ Իր ոչ մի բանը յուրահատուկ չէր՝ ոչ աչքերը, ոչ մազերը, ոչ էլ արտառոց դիամգծեր ուներ։ Ոմանք անգամ մի փոքր տարօրինակ էին համարում, որովհետև ամեն ինչից ժպտում էր ու ամեն ինչից լաց լինում, ամեն ինչի համար շնորհակալություն հայտնում ու ամեն անգամ անգամ աննշան սխալ անելիս ներողություն խնդրում։ Անունը թող լինի Բլու էր։ Ուրեմն էս Բլուին բոլորը սիրում էին։ Ավելի ճիշտ՝ համարյա բոլորը։ Բայց դե հեքիաթին ինտրիգ է պետք։


Իրանց գյուղում մի պառավ էր ապրում, ով ասում էին Սալեմից ջարդի ժամանակ մազապուրծ է փախել։ Իրանց տոհմից մենակ ինքն էր փրկվել ու ինքը Բլուին չէր սիրում,
չգիտեմ, երևի որովհետև իր մանկության տարիները, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեին գունավոր, ոնց Բլուինն էին, արյունոտ էին ու երևի էդ արյունը հավաքվել էր իր աչքերում, ժամանակի ընթացքում չորացել, սևացել, ու ինքն էլ սկսել էր ամեն ինչ սև տեսնել։

Գյուղում ոչ ոք չգիտեր, թե ինչ է էդ պառավի անունը, որովհետև ամեն անգամ, երբ հարցնում էին, նոր  անուններ էր ասում, ամեն անգամ ինչ-որ նոր, չկրկնվող անուն ու ոչ ոք չգիտեր թե էդ անուններից որն է իրականը, որը՝ չէ։ Բոլորը վախենում էին իրանից ու երևի եթե գոնե անունը իմանային, էդքան չվախենային։

էդ պառավի տունը անտառին մոտիկ էր, ոնց սովորաբար լինում է հեքիաթներում, ու երեխաները աշխատում էին շրջանցել էդ տունը, որովհետև, դե բոլոր երեխաներին քնելուց առաջ պատմել են հավանաբար Հենզելի ու Գրետելի մասին ու էլի նմանատիպ այլ հեքիաթներ, որտեղ մենակ, չամուսնացած, ծեր կինը ներկայացվում է որպես կախարդ։ Նորմալ է, որ երեխաները վախենային մեր պառավից։ Բայց Բլուն մի տեսակ չէր վախենում։
Էդ էրեխեն փոքր ժամանակվանից պաշտում էր կատուներին, իսկ մեր պառավը 12 սև-սև կատու ուներ՝ մեկը մեկից փափուկ ու տաք։ Ոնց որ գիշերը կտրած ու գիշերից կարած լինեին էդ կատուներին, աչքերի փոխարեն էլ աստղեր էին դրել ու թաթերի մոտ սևի վրա մի թեթև աստղափոշի շաղ տվել, որովհետև թաթերի մոտ շատ քիչ, համարյա չերևացող սպիտակ մազեր էին։ Բլուն էդ կատուներին ահավոր շատ էր սիրում, իսկ կատուները հակված են սիրել էն արարածներին, ովքեր իրենց են սիրում։
Աղջիկը ամեն առավոտ մի մեծ շիշ կաթ էր բերում կատուների համար ու կարկանդակ՝ կատուների տիրուհուն։
Հա, մոռացա ձեզ տարածքի աշխարհագրությանը ծանոթացնել։ Ուրեմն էս Բլուենց տունը գյուղի մի ծայրին էր, մեր պառավինը՝ մյուս։ Ու կար գետ, որ գյուղը էրկու մասի էր բաժանում
ու ընդհանուր գյուղը շրջապատված էր անտառով՝ մեծ ու խիտ,իսկ անտառից էն կողմ լեռներ էին։ Յոթ լեռները։ Բոլոր հեքիաթների նման։ Իսկ լեռներից էն կողմ ասում էին ծովն էր իր փարոսներով, նավերով ու ձկնորսներով։ Բայց գյուղից ոչ ոք էդ ծովը դեռ չէր տեսել,
որովհետև 7 սարերի արանքում թաքնված գյուղում ամեն ինչ լավ էր ու ոչ մեկին ոչինչ չէր ստիպել մինչև էդ իրենց ապահով տարածիքց դուրս գալ։ Տեղները տաք էր, փորները՝ կուշտ, էլ ի՞նչ էր պետք։ Էս պատմում էի, որ իմանաք, որ ամեն անգամ պառավի տուն գնալիս, Բլուն ստիպված էր կամրջով անցնել գետը, իսկ կամրջի երկու կողմում ընդհանուր մեծ հրապարակ էր։
Էս հրապարակում տարին մի անգամ գալիս էին գնչուները ու ինչ-որ հնարքներ ցույց տալիս։
Ոչ ոք չգիտեր, թե որտեղից են գալիս էդ գնչուները։ Իրենց մեծերը սովորաբար չէին սիրում, որովհետև դե իրենց արտաքինը վստահություն չէր ներշնչում։ Ասենք, ո՞վ ա տեսել տղեն ականջօղ հագնի։ Գետինը մտնի ավելի լավ ա։ Բայց դե էս Բլուն բոլորին սիրում էր։ Շատերը դա կապում էին երեխայի անփորձության հետ։


Ու էս մեր Բլուն անհամբերությամբ սպասում էր տարվա էն միակ օրվան, երբ գնչուները էլի իրանց մոտ կգան։ Ու վերջապես գալիս է էդ օրը։ Առավոտ շուտ տնից դուրս է գալիս, վերցնում է կաթն ու պեչենրները, տանում, կատուների հետ խաղում, բարևում պառավին (իրանք չէին խոսում իրար հետ, մենակ բարև ձեզ, ցտեսություն, շնորհավոր ամանոր, էս էր էն բառերը որ փոխանակում էին) ու սովորականից արագ վերադառնում, որ կարողանա երկար մնալ գնչուների մոտ ու որ մաման չիմանա։ Որովհետև հաստատ չէր ողջունի իր գնչուների մոտ գնալը։ Չպատմեմ, թե ինչեր էին ցույց տալիս գնչուները։ Հարյուր տարվա մենության մեջ Մարկեսը շատ սիրուն պատմել ա ամեն ինչ ուղղակի ստեղ կար  մի գնչու՝
մաթեմատիկոս, ում էս Բլուն շատ էր սիրում, որովետև ամեն անգամ հավես բաներ էր բացատրում, իքսերից ու իգրեկներից էր խոսում, հավասարություններից ու անհավասարություններից, ու էդ բիձուկից անգամ մյուս գնչուներն էին ազդվում, որովհետև իր կախարդանքը ամենաբարդերից էր ու քչերին տրված։
էս անգամ բիձուկի տաղավարը շատ գունավոր էր։ Ինչ-որ լայն ու բարձր պահարան էր՝
լիքը դարակներով ու դարակներում ինչ-որ գունավոր ու փայլփլուն կաթիլներ էին, կողքին՝ ցուցանակ, վրան էլ գրված էր Հավանականությունների տեսություն կողքից էլ փոքր տառերով ու վատ ձեռագրով ավելացրել էին Կաթիլներին ձեռք չտալ, վտանգավոր են։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը անցնում էր էդ պահարանի մոտով, կաթիլները վերադասավորվում էին ու փոխում գույները։ Բլուի ուշադրությունը էդ միանգաից գրավեց։ Վազեց մոտը ու երկար լուռ նայում էր, հետո համարձակություն հավաքեց ու հարցրեց, թե ինչ ա էդ ու ինչի են գույները անընդհատ փոփոխվում։
— էս բոլոր հնարավոր ելքերի պահարանն է,- պատասխանեց բիձուկը,- ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը անցնում է պահարանի կողքով, կաթիլները զգում են էդ մարդուն, ճանաչում ու դառնում էն բոլոր հնարավոր տարբերակները, որ կարող են լինել էդ մարդու հետ բոլոր հնարավոր տիեզերքներում։
— Այսի՞նքն,- հարցնում է Բլուն։

Ստեղ պապին սկսում է խոսալ մուլտիվերսների մասին։ Դե դուք դա շատ լավ գիտեք, դրա համար էլ չեմ կրկնում։ Բայց Բլուն չգիտեր ու բերանը բաց լսում էր։

— Հիմա եթե ես էստեղից մի կաթիլ վերցնեմ, ի՞նչ կլինի։
— Դու կփոխանակվես էն տիեզերքի տարբերակիդ հետ, որը ընտրել ես, հավանաբար,- պատասխանում ա բիձուկը,- ավելի ճիշտ՝ չէ, չես փոխանակվի։ Էդ ուրիշ տիեզերքի տարբերակդ կմիանա ինչ-որ առումով քեզ։ Դու կհիշես քո ապրած կյանքը, բայց պատասխանատվություն կկրես նաև էն մյուս տիեզերքում ապրածդ կյանքի համար արդեն էս տիեզերքում։ Հավանաբար։ Ամեն ինչ իրականում շատ խառն ու բարդ է։ Ես էլ դեռ լրիվ չեմ ջոկել,- ասում է բիձուկը,- էս ահագին բարդ մաթեմատիկա է։ Բայց զգույշ չկպնես հանկարծ։ Չեմ ուզում քեզ վատ բան լինի քանի լրիվ չեմ պարզել, թե էս ոնց է աշխատում։
— Լավ, - ասում է Բլուն, չնայած որ մեռնում էր հետաքրքրությունից ու ուզում էր կպնել կաթիլներից գոնե մեկին, որովհետև միշտ մտածել էր՝ իսկ ի՞նչ, եթե ուրիշ տիեզերքում էլ կամ ես, իմ այլ տարբերակը ու ինքը ինչ-որ արկածներով հարուստ ու հետաքրքիր կյանքով է ապրում ու հետո փոփոխվող գույները ահավոր-ահավոր սիրուն էին
ու գրավում էին աղջկան նենց, ոնց կաչաղակին՝ ոսկին։ Ու երբ Բիձուկը մի պահ շուռ էր էկել ու իր անթիվ անհամար հաշվիչների մեջ ինչ-որ բան էր ման գալիս, Բլուն կպավ էդ պահին ամենափայլուն կաթիլներից մեկին։ Մի պահ ինչ որ սուր ծակոց զգաց։ Ոնց որ ցուցամատից ինչ-որ ասեղ խրեին ներս ու էդ ասեղը անցներ ձեռքի ոսկորների միջով, ուսով, հասներ գլխին ու գլխից իջներ սիրտ։ Էնքան ուժեղ էր ցավը, որ անգամ գոռալ չհասցնելով՝ մի վայրկայնում ձյան փաթիլի պես սպիտակ ու սառը ընկավ գետնին ու թվում էր, թե հիմա կհալվի։ Գետնին ընկած աղջկան տեսնելով բիձուկը հասկանում է, թե ինչ է էղել ու սկսում է անիծել ինքն իրեն ու էն օրը, երբ հորինեց էդ պահարանը ու բոլոր-բոլորին,բայց ամենաշատը ինքն իրեն, որ անուշադիր էր էղել։ Էնքան վախեցած էր, էն մտքից, որ աղջիկը մահացել է, որ անգամ զարկերակը չէր ստուգել։ Բայց հինգ րոպե հետո աղջիկը հանկարծ ուղիղ նստում է տեղում ու առաջին պահին վախեցած շուրջը նայում, հետո հարցնում, թե ժամը քանիսին է։ Բիձուկը ասում է, որ համարյա 7-ն է, արևը շուտով մայր կմտնի
աղջիկն էլ թե՝ ես երևի գնամ, ես մինչև մութն ընկնելը պետք  է տանը լինեմ։

Պապին հարցնում է՝ ո՞նց ես, լա՞վ ես։ Ասում է, որ հա, դեռ լավ է, ու արագ-արագ գնում-հասնում է տուն, փակվում իր սենյակում ու ամբողջ գիշեր սենյակի լույսը վառ պահում։ Երբ մայրը հարցնում է թե ինչի՞ չի անջատում, ասում է, որ չի կարողանում քնել  մութ տեղում ու շատ-շատ, համարյա լացակումած խնդրում չանջատել լույսը։ Մայրն էլ մտածում է, որ երևի ինչ-որ բանից վախեցել է ու չի անջատում։

Հաջորդ առավոտ սովորականի նման վերցնում է կաթը, պեչենրիները ու գնում պառավի տուն։ Կատուներին կաթ է տալիս, սովարականի նման էլի։ Մի տաս րոպե հետո, իր սովորաան ժամին, մառանից դուրս է գալիս մեր պառավը՝ ձեռքին իր խոտաբույսերի զամբյուղը։
—Բարև ձեզ, տիկին Կոնսիլիա,-  ասում էԲլուն ու էդ բառերի վրա պառավը ձեռքից քցում ա զամբյուցղը ու տեղում քարանում թե բա՝ դու որտեղի՞ց գիտես իմ իսկական անունը։
էս աղջիկն էլ դնում պատմում է, որ երեկ կպել է ինչ-որ կախարդական կաթիլի ու հիմա իր մեջ երկու հոգի է ապրում, մեկը զուգահեռ տիեզերքից, մյուսը՝ էս ու էդ զուգահեռ տիեզերքում Կոնսիլիան սարսափելի չի սիրում Բլուին ու կախարդել է, որ Բլուն դանդաղ խավար ա դառնա։ Ինսուն օրվա ընթացքում աղջիկը կամաց-կամաց ձուլվելու է մթությանը ու ինքն էլ մութ դառնա, իսկ եթե մութ տեղում մնա էդ 90 օրերի ընթացքում, դրանից կախարդանքի ընթացքը մենակ կարագանա։ Էդ պատճառով էլ մինչև արևի մայր մտնելը տուն էր գնում ու գիշերը վառ պահում սենյակի բոլոր լույսերը։

Կոնսիլիան շատ է նեղվում․ որովհետև ինքը իրականում վատը չէր, ուղղակի ահավոր շատ վատ բաներ էր տեսել։ Ահավոր շատ բաներ էր տեսել, դրա համար էլ որոշել էր վատը չլինել։ Ինքը բարի կախարդ էր։ Իսկ 150 տարկի առաջ մի շատ հզոր կախարդ անիծել էր իրենց տոհմին, թե՝ ով իմանա էդ տոհմից կախարդի իսկական անունը, կախարդը ստիպված կլինի իրականացնել էդ մարդու բոլոր ցանկությունները։ Վատ մարդկանց ձեռքին գործիք չդառնալու համար իրենք էլ դադարել էին ինչ-որ մեկին, անգամ իրար իրենց իրական անունները ասել։ 75 տարի ոչ մեկին չէր ասել, թե ի՞նչ է անունը, որովհետև չէր ուզում երբևէ ինչ-որ վատ ցանկություն իրականացներած լինել։լ Պատկերացրեք, էլի․ ինչքա՞ն ահավոր է 75 տարի անունդ ոչ մեկին չասել ու չմոռանալը։ Բայց Կոնսիլիան վստահ չէր որ իր անունը ոչ ոքի չի ասի։ Որովհետև ջահել էր, սիրահարված ու չէր ուզում խաբել էն մարդուն, ում սիրում էր։ Արդյունքում որոշում է կախարդել ինքն իրեն, որ մոռանա իր անունը էնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը իրեն իր իսկական անունով կդիմեր ու քանի որ ոչ ոք չգիտեր իր իսկական անունը, կախարդանքը երբեք չէր անցնի, բայց հիմա գալիս է էս աղջիկը, ով գիտի իր անունը, որովհետև ինքը համ էլ զուգահեռ տիեզերքից է ու կախարդանքը անցնում է։ Բլուն խնդրում է վերացնել իր վրա դրված կախարդանքը։ Կոնսիլիան փորձում է,իրոք, ինչքան ուժ ունի, բայց կախարդանքը վերացնելու համար պետք է լինել էն տարածաժամանակային հարթությունում, որտեղ արվել ա կախարդանքը։ Ու անգամ ամենահզոր կախարդը չի կարող մի տիեզերքից մյուսը իրավիճակ փոխել։ Իրոք շատ են տխրում էրկուսն էլ․ աղջիկը, որովհետև չէր ուզում խավար դառնալ,  պառավն էլ՝ որովհետև իրեն մեղավոր էր զգում զուգահեռ տարբերակում իր եսի արածների համար։ Երկար ժամանակ նստել էին ու ոչ ոք չէր խոսում, անգամ կատուները չէին մռռում, որովհետև երևի հասկացել էին որ ամեն ինչ վատ է։

— Իրականում կա մի տարբերակ,- ասում է կախարդը։
— Ի՞նչ տարբերակ։
— Խավարը փարոսից վախենում է։ Գիտե՞ս ինչ է փարոսը։
— Հա, ո՞նց չգիտեմ։ Էն ծովի ափի աշտարակներն են, որ լույս են վառում գիշերները, որ նավերը ափ հասնեն։ Գրքերի մեջ տեսել եմ։
— Այ դրանք։ Եթե փարոսում լինես, խավարը  քո մոտ չի գա։
— Բայց մենք ախր անտառներում ենք ապրում, ստեղ փարոսն ի՞նչ ա անում։
— Ուրեմն պետք ա գնաս ստեղից։
— Հա, բայց ու՞ր, ո՞նց։
— Յոթ սարերից էն կողմ, ծովի մոտ։

Յոթ սարերից էն կողմ։ Մտածում է Բլուն։ Ամբողջ կյանքում սպասել էր, երազել արկածի մասին, բայց իրեն դուր չէր գալիս էն արկածը, որ մի ամբողջ կյանք էր տևելու։ Բայց ուրիշ տարբերակ չկար։ Քանի որ ծնողների հետ էր ապրում, պետք էր իրանց ամեն ինչ բացատրել։ Ու բացատրում է։ Դժվարությամբ, բայց իրան հասկանում են։ Ամբողջ գիշեր մայրը լաց է լինում, իսկ առավոտյան Բլուն ճանապարհ է ընկնում յոթ սարերից էն կողմ։

Վերջ, էս հեքիաթում կուլմիացիա չեղավ։ Բլուն բարեհաջող հասնում է իր փարոսին իր կախարդվելու 89-րդ օրը։ Սկզբում մի քիչ տխրում էր, որովհետև յոթ սարի հետևում էր թողել ունեցած ամեն-ամեն ինչը, հետո սկսեց մտածել, որ կարևորը խավարին հաղթած լինելն է։
Ու հետո ինքը հիմա ապրում էր փարոսում ու օգնում էր, որ նավերը հասնեին ափ։
Ու 12 սպիտակ-սպիտակ կատու ուներ։ Որ ոնց որ լույսից կարված լինեին։
Ու ամեն առավոտ էրեխեքը կատուների համար կաթ էին բերում, իր համար՝ պեչենի, իսկ նոր տարվան տնեցիք հյուր էին գալիս ու պատմում յոթ սարերից էն կողմ  պատահած իրենց արկածների մասին։

No comments:

Post a Comment