Thursday, August 9, 2018

Սիրելու մասին

Էս էն սիրելու մասին չի լինելու, որ մտածում եք։ Էս գրառումը տունը սիրելու մասին ա։ 
Անգլերենում կա house ու կա home ու կա էս  դեբիլոտ երգը, որ ասում ա՝ This house no longer feels like home․ Յանի ամեն տեղ, որ ապրում ես, տուն չի էլի։ Սկզբում մտածում էի՝ անարդար ա, որ անգլերենում կա էդ գաղափարական տարբերությունը բառերի մեջ։ Հետո, ավելի ճիշտ հենց նոր, հասկացա, որ հայերենում էլ ունենք բնակարան ու տուն բառերը։ Ու որ խորանում ես, բնակարանը մի տեղ ա, որտեղ բնակվում ես, բայց պարտադիր չի, որ ինքը լինի նաև տունդ։ Ու ես երևի երջանիկ եմ, որովհետև ես տուն ունեմ։

Ինքը աշխարհի ամենալավ ու ամենահարմարավետ տունը չի։ Պատուհանները սովետական փայտե պատուհաններ են, մի մասը ներկել եմ, մի մասը՝ չէ, ու էդ չներկած հատվածներից ներկը չորանում, պլոկվում ու թափվում ա։ Փոքր ա ու ես չեմ պատկերացնում, թե ոնց եմ միանգամից 5 հյուր ունենալու, ասենք, օրինակի համար։ Պատերը բարակ են, իսկ հարևանս խռռացնում ա ու ես քնելուց առաջ լսում եմ իր խռռոցը։ ՈՒ հետո շենքի վերջին հարկում ա ու շենքում վերելակ չկա։ Բայց երբ նոր էկա, ավելի վատ էր։ Պատուհանն ու պատշգամբը ներկեցի ու էս քանի օրը կավիճներով սիրուն բաներ կնկարեմ պատշգամբում։ Խոհանոցս մի տեսակ տխուր էր թվում ու ես պատերից մեկի վրա դեղին բծեր արեցի, դռան ապակուն էլ ծով, կղզի ու արև նկարեցի։ Ոնց որ 4 տարեկան փոքր էրեխես արած լինի։ Մահճակալիս դիրքը էնպիսին ա, որ առավոտ աչքերս բացելիս առաջինը խոհանոցի դուռն եմ տեսնում ու նենց հաճելի ա, կապ չունի որ նկարածս հեչ էլ գլուխգործոց չի։

Բաղնիքի խողովակների հետ կապված ինչ-որ խնդիր կար։ Դե ես էլ լավ չեմ ինչ-որ մեկից օգնություն խնդրելուց ու մենակ դզմզեցի էդ խողովակները։ Հետո գազի հետ խնդիր կար, ինչ-որ տեղից արտահոսում էր։ Իրականում ընդամենը մի փականն էր փչացել, 15 րոպե չտևեց դզելը։ Բոլոր էլեկտրական լամպերը փչացած էին, բայց դե խողովակները փոխելուց ու գազօջախը դզելուց հետո, ստից լամպ փոխելը ի՞նչ ա որ չանեմ։

Հիմա սիրուն վարագույրներ եմ կախել ու երբ ուզում եմ, տունս լուսավոր ա, երբ ուզում եմ մթնում ա։ Տատից ցրած ինչ-որ շալ ունեի, հասկացա, որ ինքը իդեալական սփռոց կլինի ու հիմա համ էլ իդեալական սփռոց ունեմ։ Մի քիչ որ ազատ ժամանակ ունենամ, մի յոթ բարձ էլ կկարեմ ու տունս իդեալական կդառնա։ Հա, ու երբ կավիճներով նկարեմ բակլոնում։

Իմ տունը իդեալական չի, բայց ես սիրում եմ իրան, իրոք։ Եթե հակարծ բացակայում եմ տնից մի քանի օրով, անմարդկային շատ կարոտում եմ ու ինձ թվում ա՝ ինքն էլ ինձ ա կարոտում։ Ու մտածում եմ՝ ես տանս էսքան չէի սիրի, եթե ամեն ինչ իդեալական լիներ ու ես չաշխատեի իր վրա։ Մտածում եմ, որ ես եմ իրան տուն սարքել։

Նույնը նաև երևի երկրի դեպքում ա։ Մեր էս տանը, լիքը խնդիրներ կան, խողովակները տրաքած են, հովհարային անջատումներ են լինում անընդհատ ու հատակն էլ անտանելի ճռռում ա անգամ շնչելիս, բայց մենք պետք ա իրանից տուն սարքենք։ Թե չէ սենց բնակարան էլ կմնա, որտեղ մարդիկ կապրեն, մինչև ավելի լավ տարբերակ գտնելը։

2 comments:

  1. բայց հայերենում էլ բնակարան ասվում ա մենակ բազմաբնակարանային շենքի բնակարանին, իսկ առանձին միավորը կոչվում ա սեփական տուն։ մի խոսքով, բարդ ա։

    ReplyDelete
    Replies
    1. ալարում եմ բառի ծագումնաբանությունը նայել, բայց ինձ թվում ա բնակարան իսզկբանե պետք ա որ նշանակած լինի բնակվելու տեղ ։Դ

      Delete