Wednesday, May 6, 2020

հրեշների ու վերմակի մասին

ես էլ, լիքը էրեխեքի նման, փոքր ժամանակ սարսափում էի բարձրությունից, մթությունից ու մահճակալի տակի հրեշներից։ լիքը ուրիշ բաներից էլ, բայց հիմնականը էս 3-ն էին։

դե բարձրության դեպքում հեշտ ա․ պետք ա ներքև չնայել։ մթության դեպքում էլ, միշտ կարելի ա վառել լույսը։ իսկ մահճակալի տակի հրեշի դեպքում պետք էր արագ վազել ու մտնել վերմակի տակ ու գլուխը վերմակի տակից չհանել էնքան մինչև լույսը կբացվեր։ էդ ժամանակ վերմակի տակ թվում էր աշխարհի ամենաապահով տեղը։ էդ ինչ-որ կախարդական կապսուլա էր, որ պաշտպանում էր ամեն ինչից։ ու ես նաև ախպորս էի ստիպում տենց քնել ու եթե հանկարծ գլուխս դուրս հանեի, ուրեմն մենակ համոզվելու համար, որ ախպերս հետևել ա հրահանգներիս։

մենք միանման պիժամաներ ունեինք, որոնց վրա ինչ-որ քարտեզներ էին նկարված։ մի օր, արդեն չեմ հիշում թե ոնց, գլխի ընկանք, որ էդ քարտեզով կարելի ա գնալ որսի ու հաղթել մահճակալի տակի բոլոր հրեշներին։ ու տենց ամեն գիշեր սպասում էինք, թե երբ մերոք կքնեին, որ զինվեինք մեր խաղալիք-զենքերով ու գնաինք որսի։ ու ամեն օր քնելը ավելի ու ավելի հեշտ էր դառնում, մասամբ երևի որովհետև 5 ու 7 տարեկան էրեխեքի համար շատ երկար էին արթուն մնում ու դե որովհետև գնալով ավելի ու ավելի շատ հրեշների էինք հաղթում։

մեր էս պատերազմը համարյա մի տարի տևեց, որովհետև դե պետք էր քարտեզի վրա նշված բոլոր հրեշների հետ կռվել, իսկ քարտեզի վրա բոլոր էն տեղերն էին, որտեղ մենք սիրում էինք խաղալ։ ես շատ լավ հիշում եմ մեր վերջին «ճակատամարտը»։ էդ ժամանակ տատիս ու պապիս տանն էինք ապրում, ու էդտեղ կար մի սենյակ, որը համարյա երբեք չէր օգտագործվում ու որտեղ տատիս պահում էր նոր տարվա չրերը ու մնացած բաները։ էդ սենյակում էին մնացել վերջին հրեշները ու իրանց հաղթելու համար պետք էր ուտել-վերջացնել բոլոր կառալյոկի չրերը ))

երբ էլ հրեշներ չկային, գլուխը առանց վերմակի տակ մտցնելու քնելը սարսափելի չէր։ անգամ մահճակալի տակ էի թաքնվում, երբ տնեցիք որոշում էին լուսանկարվել (դե ես լուսանկարվել էլ չէի սիրում)։ բայց ես մեկ ա նախընտրում էի քնել մեջքս պատին հենած ու կուչ էկած ու որ ոտքերս հանկարծ վերմակի տակից դուրս չգան, դե ապահովության համար, ամեն դեպքում։

***

երբեմն, իսկ վերջերս հաճախ, ինձ ահավոր դժվար ա վերմակի տակից դուրս գալը։ թվում ա, թե եթե վերմակի տակից դուրս գամ, աշխարհը գլխիս փուլ կգա։ տպավորություն ա, թե բոլոր հրեշները, դեմենտորները, բասիլիսկները, յոթգլխանի վիշապները, հոդագները ու մնացած բոլոր-բոլորը դուրս են էկել ու սպասում են, թե երբ եմ վերմակի տակից դուրս գալու։ ու ես հիմա չունեմ էն կախարդական քարտեզը, ոչ էլ էն զենքերը ու ոչ մի պատրոնուս չի օգնում։ բայց դե վերմակ ունեմ, գոհ եմ։

Starry Dementors T-Shirt | Geeky Tees for Men, Women & Kids ...

Monday, December 2, 2019

տեղը

միշտ փնտրում ենք,
ինչ-որ բան
որ չենք կորցրել
ինչ-որ տեղ,
որ չենք էղել,
ինչ-որ մեկին,
որ չգիտենք
ինչ-որ պատճառ,
որ պետք չի,
բայց
փոխարենը
գտնում ենք
մութ սենյակում
սուրճի բաժակի
ու մոխրամանի տեղը
ինչպես քթի տեղը
դեմքին

Saturday, October 19, 2019

հավանաբար երևանի մասին

ինձ հավասարապես դժվար ա ասել, թե ես սիրում եմ երևանը ու որ չեմ սիրում, որովհետև ես ուրիշ ճար չունեմ։ չգիտեմ, ճի՞շտ ա ասելը թե դու սիրում ես նարինջ էն դեպքում, երբ ամբողջ կյանքում մենակ նարինջ ես կերել ու ուրիշ միրգ ուտելու առիթ չի էղել։ երևի ճիշտ չի։
երևանը քաղաք ա որտեղ քեզ ոչ ոք չի լսում, ինչքան էլ դու շարունակ քեզնից խոսես ու դա լավ ա։ ի վերջո դու էլ չես լսում ինքդ քեզ կանգառում կկանգնեք-ների, էս մի հատ ստացեք-ների, իմը մի հատ ա, ես արագ ստանամ էլի-ների, դուք ո՞ր հարկ եք գնում-ների, էս ամիս կոմունաներս շատ էին-ների ու էն մնացած եսիմինչերի արանքում։ հա, մեզ դժվար ա հայաստանում երևանից դուրս երկար լինել, որովհետև երևանից դուրս աղմուկը քիչ ա ու մենք մեզ լսում ենք ու մենք մեզ վախենալու ենք, երբ լսում ենք։
երևանը քաղաք ա, որտեղ ամենասիրածս շենքերը հին են, լքված, քանդած։ ու մի օր էդ շենքերը էլ չեն լինի ու մարդ չգիտի, թե երևանի ինչը սիրի էդ դեպքում։ սա քաղաք ա, որտեղ փողոցային շներին տշում են աջուձախ, բայց գիշերները երբ ինչ-որ նստարանին վեր ընկած ես, էդ թափառական շներն էն գալիս, կողքդ նստում, որովհետև ջոկել են․ մի տշված էլ դու ես։
երևանը քաղաք ա, որի փոքրությունը կանգնում ա բկիդ ու սկսում խեղդել։ երբ խոսում են պողոսի մասին, ուշադիր լսիր, որովհետև մի 4 տարի հետո դու ու պողոսը իրար հետ թեյ եք խմելու, ու դու պատմես թե ինչքան շատ բան գիտես իր մասին։ սա քաղաք ա, որտեղ էլ հնարավոր չի նոր մարդկանց հետ ծանոթանալ առանց էդ մարդու մասին կանխակալ կարծիք ունենալու, որովհետև բոլորը բոլոին ճանաչում են ու բոլորը պատմում են բոլորի մասին։ ու չգիտեմ էլ, ճի՞շտ ա էդ դեպքում ասելը, թե դուք նոր ծանոթներ եք, երբ տարիներ շարունակ լսել եք իրար մասին։
երևանը էնքան փոքր ա, որ էս քաղաքում 2 անգամ կարգին սիրահարվել չի լինում, որովհետև սիրածդ բոլոր փողոցները, թանգարանները, շենքերը, սրճարանները, գինիներն ու շոկոլադները էն մեկի հետ կիսելուց հետո էն երկրորդի հետ կիսելու բան չի մնում բացի կինոթատրոնում ցուցադրվող նոր կինոներից։ ու բոլորս ժամանակի ընթացքում էն 2-րդն ենք դառնում ում հետ կիսելու բան չի մնացել։
երևանը դինջերի երգերն են ու գիշերը 3-ին սանիտեկի աղբատար մեքենայի ձայնը։ ու սա քաղաք ա, որտեղից բոլոր սիրածս մարդիկ գնում են, իսկ ես չգիտեմ՝ կձգե՞մ մնալ թե՞ չէ։

Tuesday, September 3, 2019

Գունավոր, անգույն ու թափանցիկ



Գուցե ամեն ինչ ուրիշ լիներ, եթե աշնանը ծնված լինելու փոխարեն ծնված լինեի գարնանը ու քամու փոխարեն մառախուղ լիներ։ Կամ եթե լուսադեմին ծնված լինելու փոխարեն կեսգիշերին ծնված լինեի։ Կամ եթե կապույտ լինեին աչքերս։ Բայց ամեն ինչ ուրիշ չէր ու ես ծնվեցի աշնանը, լուսադեմին, երբ դրսում քամին ծառերն էր պոկում։ Ու աչքերս էլ կապույտ չէին։ 

Չգիտեմ որտեղից, հավանաբար նախկին ինչ-որ կյանքից, գիտեի, որ երբ ոտքդ լույս աշխարհ ես դնում, նոր ցամաք գտած նավաստու կամ լամպ հորինած գիտնականի կամ օսկար ստացած դերասանի պես պետք է հուզիչ ինչ-որ բաներ ասել։ Ու ես խոստացա բարեկարգել այգիները, լուծել աղբահանության հարցը, ասֆալտապատել ճանապարհներն ու բարձրացնել թոշակները։ Բայց մոռացել էի, որ ինձ դեռ խոսել չեն սովորեցրել ու ասածիցս լաց դուրս եկավ։ 

Հետո մորս ասացին, թե ես աղջիկ եմ։ Ես լսեցի ու հիշեցի բառը։ Չգիտեի, թե աղջիկը ինչ է, բայց առաջին բանը, որ իմացա իմ մասին այն էր, որ աղջիկ եմ ու մտածում էի՝ եթե ես եմ աղջիկը, ինչու՞ են այդ մասին ասում մորս, ոչ թե ինձ։

Անընդհատ մոռանալով որ ինձ դեռ ոչ ոք խոսել չի սովորեցրել, ասում էի որ չեմ սիրում տատիս տեգոր կնոջը, իսկ մայրս չհասկանալով ու մտածելով որ էլի սոված եմ, սկսում էր կերակրել՝ կրծքով բերանս փակելով․ հետո երբ ավելի մեծացել էի ու էլ կրծքի կաթ չէի ուտում, ուրիշ ուտելիքներով։ Հետո բերանս փակելը մորս մոտ դարձավ սովորություն, իսկ փակ բերանը ինձ մոտ բնավորության գիծ, բայց տատիս տեգոր կնոջը շարունակում էի չսիրել։ 

Իմ պատմության հատվածները կապ ունեն իրար հետ բայց կապված չեն ու գուցե խառը ստացվի գրածս։ Հիմա պետք է պատմեմ պապիս մասին։ Նա կարևոր է ոչ միայն այս պատմության, այլև ինձ համար։ Ինձ համար ավելի։

Երբ արդեն բավականաչափ մեծ էի բլբլալու համար, պապս որոշեց ինձ խոսել սովորեցնել ու ես անչափ երջանիկ էի։ Ու հետո՝ որ կապույտը կապույտն է, կանաչը կանաչ։ Ու ես այդ ժամանակ իմացա երկրորդ բանը իմ մասին, որ աչքերս կապույտ չեն։ Բայց երրորդ բանը՝ թե ինչ գույնի են աչքերս, մինչև հիմա չգիտեմ։ Դեռ չեն ասել։ Ու նա սովորեցրեց ինձ նաև հաշվել։ Դրա շնորհիվ գիտեի չորրորդ բանը իմ մասին, թե քանի տարեկան եմ դառնում ամեն տարի, բայց հիմա հաշիվը կորցրել եմ։ 

Թվում էր՝ պապս հենց պապ էլ ծնվել էր, միանգամից մորուքով ու սպիտակ մազերով, ձեռնափայտն էլ ձեռքին։ Մտածում էի՝ պապիս ձայնը միշտ հիշելու եմ, բայց նոր հասկացա, որ չեմ հիշում ու չեմ հիշում թե երբ, ինչ լսելով եմ մոռացել։ Բայց ձեռքերը հիշում եմ։ Պապս ժամանակից ալերգիա ուներ ու ձեռքերին կնճիռներ էին։ Կնճիռներ էին նաև դեմքին, բայց չգիտեմ՝ ժամանակի՞ց էին դրանք թե՞ ժպտալուց։ Ես ու պապս հաճախ էինք քայլում ու զրուցում։ Նա ինձ ինչ-որ բաներ էր պատմում, ամեն ինչի մասին, ամպերի ու փոշու ու թե որ բույսերը կարելի է ուտել։ Բայց նա երբեք իմ մասին չէր պատմում ու ասում թե ես ով եմ։ Ու ինձ դա դուր էր գալիս։ 

Բայց մի անգամ երևի շատ քայլեցինք լավ եղանակին կամ շատ խոսեցինք լավ բաների մասին ու ես դրան չդիմանալով հիվանդացա։ Տատս ասում էր՝ գրիպ է, կանցնի, բայց չանցավ ու մենք գնացինք բժշկի։ 

Բժիշկը նայեց կոկորդս, մուճերով խփեց ծնկներիս, լույսով ստուգեց աչքերս ու նշեց, որ կապույտ չեն (իսկ ես դա գիտեի վաղու՜ց) կարծես եթե կապույտ լինեին չէի հիվանդանալու լավ եղանակին քայլելուց։ Հետո չափեց ջերմությունս, որը չունեի, ու լուրջ ու մտահոգ դեմքով ծնողներիս ասաց՝ ձեր երախայի մոտ «ես» ենք հայտնաբերել, դա շատ լուրջ ու կյանքի համար վտանգավոր հիվանդություն է։ Սա հինգերորդ բանն էր, որ իմացա իմ մասին։ 

Հետո դեղատոմս գրեց, ասաց որ պետք է հետևողական լինել ու մենք գնացինք հեքիաթներ գնելու, որովհետև դա միակ բանն էր, որ գրված էր դեղատոմսում։ Եթե մի օր ձեզ պետք գա, հիշեք որ հեքիաթները դեղատներում չեն վաճառում։ Մենք դա չգիտեինք, մեզ այդ մասին չէին ասել ու չիմանալով շրջեցինք բոլոր-բոլոր դեղատներում։ Չկար։ Միայն ամենավերջինում, որի վաճառողի պահպանման ժամկետը հավանաբար ավարտին էր մոտենում, ասաց, որ հեքիաթները պետք է հորինել, որ վաղուց գրանք մասսայական արտադրությունից դուրս են եկել։ 

Ուտելուց հետո քնելուց առաջ օրական մեկ անգամ։ Գրված էր դեղատոմսում։ Ուտելուց հետո, որովհետև հեքիաթները դատարկ ստամոքսին լավ չեն։ 

Չգիտեմ որտեղից, բայց մենք ի սկզբանե լիքը բաներ գիտենք կյանքի մասին։ Բայց որոշ բաներ էլ չգիտենք։ Ես, օրինակ, չգիտեի, որ մարդիկ միշտ, անկախ ամեն ինչից իրար հեքիաթներ են պատմում։ Նայում ես, թվում է զրուցում են ուղղակի, իրենք էլ են կարծում թե զրուցում են, բայց հեքիաթներ են պատմում։ Հայրիկս օրինակ սովորաբար պատմում էր շաբաթ օրը միասին ֆիլմ նայելու մասին հեքիաթը։ Շաբաթ օրը, որովհետև հաջորդ օրը կիրակի էր, դպրոց չկար ու մենք կարող էին առավոտ երկար քնել։ Գրականությանս ուսուցչուհու սիրած հեքիաթը ինձ սպասող ապագայի մասին էր։ 
Ձմռանը գարնան մոտ լինելու հեքիաթն էին շատ պամում, ամռանը՝ շոգերը վերջանալու։ Կարևոր չէ թե ինչի մասին, բայց միշտ բոլորը ունեին հեքիաթներ։ Ու քանի որ ես հիվանդ էի ու հեքիաթները ինձ պետք էին, ես լսում էի դրանք՝ ուշադրություն չդարձնելով սոված փորին հեքիաթների վնասակար լինելուն։ 

Բայց լսածս բոլոր-բոլոր հեքիաթներից ամենից շատ սիրում էի պապիս պատմածները, որովհետև 7 սարերի ու ձորերի հետևում ապրող մարդկիկ ապրում էին երկար ու երջանիկ։ Ես չգիտեի, թե ինչքա՞ն պետք է ապրել, որ դա համարվի երկար, կամ ինչպե՞ս ապրել, որ դա համարվեր երջանիկ, բայց երկար ու երջանիկ ապրելը լավ բան էր թվում։ Ու նաև թվում էր թե երկար ու երջանիկ ապրելու համար պետք է պարտադիր 7 սար ու ձոր անցնել։ 

Երբեմն պապս պատմում էր հեքիաթներ իմ մասին, թե ինչպես եմ ես դպրոց գնում, լավ սովորում, հետո լավ մասնագիտություն ստանում, հետո աշխատում, հետո ամուսնանում ինչ-որ արքայազնի հետ ու մենք երեխաներ ենք ունենում, որ հետո մեզ համար թոռներ ունենան, թե ինչպես եմ գնում թոշակ ստանալու ու թոռներիս տանում պաղպաղակ ուտելու կիրակի օրերին, ու թե ինչպես են անձրևներից առաջ ցավում հոդերս։ Հոդերը չգիտեի թե ինչ են ու ինչու պետք է ցավեն անձրևներից առաջ։ Ու այս հեքիաթներում չէի հասկանում՝ ե՞ս էլ եմ վերջում երկար ու երջանիկ ապրում թե՞ չէ ու որտեղ են երկնքից ընկած խնձորները։ Երբեմն թվում էր, թե ոչ թե իմ, այլ պապիս մասին են սրանք, ու երևի դա էր պատճառը, որ ինձ ավելի մեծ՝ պապիկիս տարիքում պատկերացնելիս, պատկերացնում էի հենց պապիս նման։ Տպավորություն էր թե մեծանալու էի, մեծանալու ու ինչ-որ հրաշքով պապ դառնայի՝ տատ դառնալու փոխարեն։ Ու ինձ իրականում ուրախացնում էր այս հեռանկարը, որովետև պապիս միշտ էլ տատիցս շատ եմ սիրել։ 

***

Տատս ասում էր՝ դե պապդ արդեն ծեր էր, սիրտն առաջվանը չէր, բայց ես միշտ թաքուն մտածում էի, թե պապս հեիքաթ պամելուց ծերացավ։ Ամեն անգամ հեքիաթ պատմելիս աչքիս առաջ մազերը սպիտակում էին, կնճիռները շատանում ու խոսելը կարծես ավելի դժվար դառնար։ 
Կարծում էի՝ ասելու են, թե նա ինչ-որ հեռու տեղ է գնացել, շատ-շատ հեռու, որտեղ հեռախոս չկա իսկ աղավնիները էդքան երկար թռչել չեն կարող ու որ չսպասեմ, թե կգա։ Բայց ինձ ասացին, որ պապիկս մահացել է։ Ես դա գիտեի։ Բայց մինչև հիմա երբեմն ինձ բռնացնում եմ պապիս սպասելիս։ 

Երբ տանը պապիս մասին էլ ոչ ոք չէր խոսում, նորից գնացինք բժշկի։ Բժիշկը նորից նայեց կոկորդս, մուճերով խփեց ծնկներիս, լույսով ստուգեց աչքերս, բայց այս անգամ չնշեց, որ կապույտ չեն, չափեց ջերմությունս, որը չունեի ու ծնողներիս ասաց, թե երեխան արդեն լավ է, կարիք չկա ամեն ամիս այցելելու, վեց ամիսը մեկ գալը բավական կլինի, բայց որ ծնողներս պետք է շարունակեն հետևողական լինել։ 

Ինձ ոչ ոք չէր ասել ու ես մինչև հիմա էլ հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ՝ մարդիկ մեռնում են, որովհետև վերջանում են հեքիաթները։ Ինչ-որ բան օրգանիզմում հեքիաթներով է աշխատում ու քանի որ չէի ուզում էլի մարդիկ մահանան, շատ քիչ հեքիաթներ էի վերցնում։ Իրենք դա չէին էլ նկատում։ Ու ես չէի էլ մտածում էն ժամանակ, որ եթե ինչ-որ մեկից ինչ-որ բան ես վերցնում առանց իր նկատելու դա գուցե գողանալ է ու ես գուցե գողանում եմ իրենց պատկանող հեքիաթները։ Այն ժամանակ մտքովս չէր անցնում։ Հիմա եմ մտածում։ Գուցե գողանում էի, չգիտեմ, բայց դրա հեքիաթներ գողանալու համար երբեք ոչ ոք բողոք չներկայացրեց։ Բողոքներ ներկայացրեցին, բայց իմ՝ հեիքաթներ չտալուց։ Իսկ ես ուղղակի հեքիաթներ չունեի։

Դպրոցում ինձ հատկապես դուր էին գալիս վարդագույնի հեքիաթները։ Մենք ընկերացանք, որովհետև ապրում էինք շատ մոտ ու ձմռանը սառած ճանապարհով դպրոց քայլելիս մեզ փոխադարձաբար պետք էին պահող ձեռքեր։ Նա պատմում էր այն մասին թե ինչպես ենք ամառային արձակուրդները միասին անցկացնելու, թե ինչպես ենք ողջ գիշեր արթուն մնալու ու խոսելու ամեն ինչից, թե ինչպես ենք իր սիրած սերիալները նայելու ու գրքերը կարդալու, թե ինչպես ենք դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվելու քաղաք, միասին տուն վարձելու ու միասին ապրելու, թե ինչպես ենք կիրակի առավոտյան միասին նախաճաշելու ու թե ինչքան, ինչքան լավ է լինելու ամեն ինչ, երբ մենք մի քիչ ավելի մեծ կլինենք։ Դա երկար ու երջանիկ ապրելը չէր, բայց նման էր հնչում։

Հետո կանաչի հեքիաթներն էի սիրում։ Ես ու կանաչը ավելի մոտ էինք ապրում, քան կանաչն ու վարդագույնը ու երևի դա էր պատճառը, որ ես ու կանաչը ավելի լավ ընկերներ էինք, քան կանաչն ու վարդագույնը։ Կանաչի հեքիաթները ճանապարհորդական էին, թե ինչպես էինք ավելի մեծ դառնալուց հետո գնում շրջելու աշխարհով մեկ։ Դրանք պատմություններ էին նոր մայրցամաքներ ու նոր պաղպաղակներ բացահայտելու մասին։ Նոր մայրցամաքներ գտնելու գաղափարը ինձ դուր չէր գալիս, որովհետև դա նշանակում էր մինչ այդ նավով երկար, շա՜տ երկար գնալ, իսկ ես լողալ չգիտեի ու եթե պատահմամբ ծովն ընկնեի, երբեք չէի կարողանա նոր պաղպաղակներ բացահայտել։ Բայց քանի որ երբ հեքիաթ են պատմում, պետք է լսել, ես ոչինչ չէի ասում մայրցամաքների ու իմ լողալ չիմանալու մասին։ 

 Մենք ընկերացել էինք, որովհետև ապրում էինք շատ մոտ ու ձմռանը սառած ճանապարհով դպրոց քայլելիս մեզ փոխադարձաբար պետք էին պահող ձեռքեր։ Բայց երբ էլ մոտ չէինք ապրում ու ապրած տեղում ձմռանը սառած ճանապարհներ չկային և ոչ էլ համապատասխանաբար պահող ձեռքերի անհրաժեշտություն, մենք այլևս ընկերներ չէինք։ Սկզբում տխրել էի, բայց ոչ թե ընկերներիս այլ հեքիաթներս կորցնելու պատճառով։ Իսկ հետո երբ հայտնվեցին նոր մարդիկ իրենց նոր հեքիաթներով, էլ տխրելու պատճառ չկար։ 
Վարդագույնին փոխարինեց կապույտը, կանաչին՝ դեղինը ու ես մտածում էի, որ ինձ կապույտն ու դեղինը ավելի են սազում, քան վարդագույնն ու կանաչը։ 

Զարմանալի է, թե ինչքան շատ բան գիտեն մարդիկ մեր մասին, բաներ որ անգամ մենք չգիտենք։ Կապույտը օրինակ գիտեր որ ես շներին ավելի շատ եմ սիրում քան կատուներին, անգամ երբ դեռ ես դա չգիտեի։ Իմացա իր ասելուց հետո։ Նա սիրում էր հեքիաթներ պատմել այն մասին, թե ինչպես եմ ես մի օր շուն ունենալու ու նա էլ, ու թե ինչպես ենք երեկոյան շներին տանելու զբոսանքի։ Երեկոյան որովհետև նա առավոտյան քնած էր մնալու ու ուշանար, իսկ ես դե շուտ արթնանալու սովորություն ունեմ։ Ես չգիտեի իմ շուտ արթնանալու սովորության մասին ու առավոտները քնած էի մնում, մինչև կապույտը չպատմեց իմ շուտ արթնանալու մասին հեքիաթը։ 

Դեղինը սկզբում հեքիաթներ չէր պատմում, մենք զրուցում էինք։ Դա ինձ համար դժվար էր, որովհետև միշտ ավելի հեշտ է թողնելը, որ քեզ հեքիաթներ պատմեն ու դրանք լսելը։ Իսկ զրուցելիս դժվար էր։ Բայց ինձ դուր էր գալիս դեղինի հետ խոսելը։ Ի տարբերություն մյուսների նա կարծես չգիտեր իմ մասին ինչ-որ բաներ ու ուզում էր, որ ինձ ծանոթացնեմ իր հետ։ Կամ գուցե գիտեր, բայց նախընտրում էր ինձնից լսել։ Ամեն դեպքում դա հաճելի էր։ 

Մի անգամ, կարծեմ դեկտեմբերին, երբ դրսում շատ ցուրտ էր ու մառախուղի պատճառով պարզադ ձեռքիդ մատները չէիր տեսնի, հավանաբար գուցե հենց մառախուղի, ցրտի ու դեկտեմբերի պատճառով, դեղինը սկսեց պատմել մեր միասին ապրելու մասին հեքիաթը։ Դրսում ցուրտ էր, իսկ հեքիաթը՝ տաք ու ես ուզում էի, իրոք ուզում էի հավատալ, որ վերջում երկար ու երջանիկ ապրելուն։ Եղանակների ցրտելուն զուգահեռ նա ավելի ու ավելի շատ հեքիաթներ էր պատմում, թե ինչպես ենք մյուս տարի ձմռանը գնալու ինչ-որ տեղ, կարծեմ հենց 7 սարերի ու ձորերի հետևում էր, ինչ-որ բան տեսնելու ու նա պատմում էր թե ինչ ճանապարհով ենք գնալու ծ ու ասում էր թե ինչեր պետք կլինի վերցնել ու ինչեր՝ չէ։ Հետո պատմում էր հեքիաթներ միասին աշխատանքից տուն գալու ու ուտելիք սարքելու մասին։ Միասին գրքեր կարդալու հեքիաթներն էլ էին հաճելի լսելը։ Ու ընդհանրապես, հաճելի էին այն հեքիանթերը որտեղ պետք էր ինչ-որ բան անել միասին։ 

Բայց գնալով հեքիանթերը ավելի կարճ էին դառնում ու 7 սարից ու ձորից էն կողմ եղածը թվում էր անսահման հեռու, իսկ երկարն ու երջանիկը՝ անիրական։ Ու մի օր նա ասաց՝ ինչու՞ չես խոսում, գրողը տանի, ինչու՞ ոչինչ չես ասում։ Մենք զրուցում էինք ու նա զրուցելը նկատի չուներ։ Նա նկատի ուներ՝ թե ինչու իրեն հեքիաթներ չեմ պատմում։ Բայց ես հիվանդ էի ու գուցե իմ հեքիաթները թունավոր էին, իսկ ես չէի ուզում ինչ-որ մեկին թունավորել։ Բայց ես նաև չգիտեի, թե ինչպես բացատրել, ես չէի ուզում բացատրել, ուստի գնացի։ Նա էլ գնաց երևի այդպես էլ երբեք չասելով թե ինչ գույն ունեն աչքերս։ 

Կապույտից ու դեղինից հետո շարունակ ինչ-որ մոխրագույններ հանդիպեցին։ Դե ամեն դեպքում ինձ պետք էին հեքիաթները։ Բայց նրանք գիտեին իմ մաիսն բաներ, որոնք ես իմանալ չէի ուզում։ Ուզում էին որ լինեի, մեկը ով լինել չէի ուզում։ Ու հեքիաթները ոչ էլ հետաքրքիր էին։ 

Ամբողջ կյանքում, անկախ նրանից կողքիս վարդագույնն էր, կանաչը, կապույտը թե դեղինը, ես միշտ անգույն էի։ Իմ գույնը գույն չունենալն էր։ Բայց մոխրագույններից զգում էի իմ մոխրագույն դառնալը ու ինձ դա դուր չէր գալիս։ Ո՞նց էի ճանաչելու ինքս ինձ հայելու մեջ էդ դեպքում։ 

Իսկ հետո մի օր արթնացա, սովորականի պես, շատ շուտ, որովհետև ինձ վաղուց ասել էին առավոտյան շուտ արթնանալու սովորությանս մասին։ Ամեն ինչ սովորական էր, կյանքիս անցած բոլոր օրերից ոչնչով չտարբերվող, ու թվում էր, թե չի տարբերվելու նաև գալիքներից։ Հետո սովարակնի նման նստեցի մահճակալիս՝ կոշիկներս հագնելու համար ու տեսա հոգնությանը, հենց այնտեղ, սենյակի անկյունում։ Տպավորություն է, թե միշտ այնտեղ էլ եղել է, բազմոցին կուչ էկած, ես չեմ նկատել։ Չի երևացել շորերի կույտի տակ, սենյակի համատարած խառնաշփոթության մեջ մինչև մի օր հանդիպում եք, չկանխամտածված ու պատահական։ Իսկ նա ամբողջ ընթացքում հենց էդտեղ էր։ 

Երկար նայում էի հոգնությանը, հոգնությունը ինձ։ Նայեցինք իրար այնքան, մինչև մաշկս ու ոսկորներս դարձան թափանցիկ ու թափանցիկ հոգնությունը մտավ մաշկիս տակ, ոսկորներիս մեջ ու հետո համարյա էլ ոչինչ չէի զգում։ Բացի տեղից շարժվելու անկարողությունից։ Կարծես վերցրել ու դարդարել էի գոյություն ունենալուց, ինքս ինձ զգալուց, հենց այնպես միանգամից։ Գուցե ես-ի նոպա էր կամ գուցե սխալ բան էի կերել։ Չգիտեմ։ Ու գուցե եթե գնայի ու գտնեի մեկին, ով հեքիաթներ կպատմեր, լավանայի, գուցե անցներ նոպան, գուցե էլի ապրելը անհնար չթվար։ Բայց ես հոգնել էի հեքիաներից ու ամեն անգամ ինքս իմ մասին ուրիշներից ինչ-որ բաներ իմանալուց։ Ես էլ ոչինչ իմանալ չէի ուզում։ Ու ոչինչ չէի ուզում։ Հիմա էլ չեմ ուզում։ 

Չգիտեմ, մտածում եմ՝ գուցե իմ հեքիաթները թունավոր են ու այդ պատճառով էին ինձ ուրիշների հեքիաթները նշանակել, որովհետև ինձ պետք են հեքիաթներ, որովհետև առանց հեքիաների մարդիկ մեռնում են, իսկ իմ հեքիաթները թունավոր են։ Բայց գուցե եթե շատ հեղուկներ խմեմ ու շատ բանջարեղեն ուտեմ, թույնն անցնի։ Ու գուցե երբ հեիքաթներս էլ թունավոր չլինեն, երբ կարիք չունենամ իմ մասին ուրիշներից իմանալու, իմանամ նաև թե ինչ գույնի են աչքերս։

Friday, July 19, 2019

հոգ տարվելու մասին

հիմա երբ ֆեյսբուքներից լրիվ կորել եմ, բլոգս էլ ոչ ոք չի մտնում ու դա մի տեսակ նենց հանգստացնող ա։ հանգիստ անկապ գրում եմ։

ասացին՝ հոգ տար քեզ,
ու մտածեցի,
որ եթե
հոգը տեղ լիներ,
կինոյի
թատրոնի,
գրադարանի
կամ գերեզմանատան պես,
ինձ հոգ տանելը
գուցե ավելի հեշտ լիներ։

Wednesday, July 10, 2019

իհուդա ամիխայի․ բանաստեղծություններ

անգամ վստահ չեմ, որ հայերեն ճիշտ եմ տառադարձել ազգանունը, բայց ամեն դեպքում։ քանի որ ահավոր սիրուն են իր ստեղծագործությունները ու ահավոր ափսոս չկարդացվելու համար, դնում եմ իմ անտաղանդ թարգմանությունները։ մի օր հավանաբար կխմբագրեմ, կսրբագրեմ ու էլ էսքան անտաղանդ չեն լինի։ 


***
իլուստրացիան՝ ռիկարդո վեկիոյի
ես գիտեմ մի մարդու,
ով լուսանկարել է 
սենյակի պատուհանից 
բացվող տեսարանը
փոխարենն այն կնոջ, 
ում հետ քիչ առաջ
սիրով էր զբաղվում 
հենց այդ սենյակում։


***
տե՛ս․
այնպես,
ինչպես 
ժամանակը 
ժամացույցի մեջ չէ,
սերն էլ մարմնի մեջ չէ․
մարմինը միայն ցույց է տալիս սերը։


***
այնտեղ, որտեղ մենք ճիշտ ենք,
ծաղիկները երբեք չեն ծաղկի գարնանը։
այն տեղը, որտեղ մենք ճիշտ ենք, 
դաշտի նման կոշտ է ու ոտնահարված։
բայց սերն ու կասկածը
փորում են աշխարհը
խլուրդի,
գութանի պես
ու շշուկ է լսվում ավերակներում,
ուր ժամանակին
տուն էր։


***
նրանք անդամահատել են
քո ազդրերը
իմ գոտկատեղից,
ինչքանով ես եմ տեղյակ՝
բժիշկներ են,
բոլորը։

ինձ քանդել են քեզնից
ինչքանով ես եմ տեղյակ՝
ինժենիերներ են, 
բոլորը։ 

ու ափսոս,
ախր այնքան լավ ու սիրելի
հայտնագործություն էինք։
ինքնաթիռ՝ կազմված
կնոջից 
և տղամարդուց,
թևերից և այլն։
անգամ հաջողվեց 
մեր ստվերը
քցել երկրի վրա
անգամ հաջողվեց 
թռչել մի փոքր։


***
անձրևը ցածրաձայն խոսում է․
կարող ես քնել հիմա։

մահճակալիս կողքին 
թերթի թևերի խշշոցն է։
ուրիշ հրեշտակներ չկան։

առավոտյան շուտ կարթնանամ
կաշառելու համար նոր բացվող օրվան,
որ բարի լինի մեզ համար։


***
ծիղաղդ խաղողի էր նման,
կանաչ-կանաչ ծիծաղ էր։

մարմինդ լի էր մողեսներով,
բոլորն էլ սիրում էին արևը։

ծաղիկներն աճում էին դաշտում, կանաչը՝ այտերիս,
անհանարին ոչինչ չկար։



Wednesday, March 6, 2019

Ասելու ու լսելու մասին

Իլուստրացիան՝ Վորոնիկա Գրեչի
Մի անգամ աշնանն էր, Մարիամը նոր էր թիֆլիս գնացել ու իրիկունը խոսում էինք։ Ես տարբեր բաներ էի պատմում եղանակից, գործերիցս, ինչ-որ խառը մարդկանցից, ինչ-որ խառը գրքերից։ Խառը բաներ էի պատմում մի խոսքով։ Մարիամը ասեց՝ իսկ հիմա պատմի թե դու ոնց ես ու քեզանից պատմի, ոչ թե մյուսներից ու ամեն ինչից։

Ես երկար, շատ երկար մտածում էի ու հասկացա, որ միշտ իմ մասին եմ խոսում, անկախ նրանից թե ինչի մասին եմ խոսում ու երբ։ Անկախ նրանից, թե ինչ եմ ասում, ես ասում եմ իմ մասին։ Երբ պատմում եմ, որ Պողոսը վերջապես լավ ա, նշանակում ա Պողոսը էնքան կարևոր էր, որ իր լավ չլինելը աչքիս էրևում էր, նշանակում ա՝ Պողոսը իմ մարդկանցից ա ու նշանակում ա, որ ես անհանգիստ էի, երբ Պողոսը լավ չէր ու հիմա վերջապես հանգիստ եմ, որովհետև Պողոսը լավ ա։

Երբ պատմում եմ ինչ-որ կինոյի մասին, ասում, որ շատ մարդկային էր, շատ բարի ու որ հուզվեցի, էդ հավանաբար նրանից ա, որ ինձ պակասում են մարդկային ու բարի բաները ու ես պակասը լրացնում եմ կինոներ նայելով ու կինոների հորինված (կամ գուցե չհորինված) մարդկանց զգացմունքներով։ Ու երբ էդ նույն կինոյից ինչ-որ հերոսի մասին շատ եմ խոսում ու օրերով պատմում թե ինչ էր զգում նա էն ժամանակ երբ էն էղավ, կարող ա իրականում պատմում եմ թե ե՞ս ինչ եմ զգում։

Ամեն անգամ flickr-ում հերթական անկապ նկարագրով հերթական անկապ նկարը գցելուց ես խոսում եմ իմ մասին։ Պատմում եմ, որ մութը էնքան շատ ա, որ լույսեր եմ նկարում, որ հետո միշտ հետս լինեն էդ լույսերը։ Պատմում եմ, որ ես ինձ միշտ ինչ-որ բանի հակառակ կողմում եմ զգում։

Ամեն անգամ ինչ-որ երգ տարածելիս, ես ասում եմ իմ մասին, լիքը բան եմ ասում, ուղղակի մեկ-մեկ երևի շատ եմ ասում ու ասածիցս ինչ-որ բան լսել չի լինում։

Ու հա, երևի մենք բոլորս ու միշտ անկախ նրանից թե ինչի մասին ենք խոսում, խոսում ենք մեր մասին։ Ուղղակի էնքան, ինչքան մեզ չեն լսում, էդքան էլ մենք չենք լսում։

Monday, February 18, 2019

Ութ տողանի բանաստեղծություն

Առաջադրանքի համաձայն պետք էր գտնել ինչ-որ գրքի 8-րդ էջի, 8-րդ նախադասությունը ու դրանով սկսելով 8 տողանի բանաստեղծություն գրել։ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ»-ից։ Անկապոտ ստացվեց։

Եթե այսպես շարունակվի, մինչև առավոտ ողջ արյունն իրենից դուրս կհոսի։
Եթե այսպես շարունակվի, առավոտյան տղայի հետ երևի էլ չի խոսի։
Կպառկի այսպես, մենակ, մի կողքի
Առանց բողոքի
Ու կսպասի թե երբ կավանդի հոգին։
Մարմինը շնչից կքամվի,
Եթե մինչև առավոտ այսպես շարունակվի։

Իմ սիրած սվիտրը գոյություն չունի

Իմ ամենասիրած սվիտրը գոյություն չունի։ 
Շորերը սիրելու տարբեր պատճառներ կան, երևի։ Դե, օրինակ, սիրում ես շորը, որովհետև դա նվիրել ա շատ սիրելի ինչ-որ մեկը։ Կարաս սիրես, որովհետև գույնը ու ձևը շատ լավն են, շատ փափուկ ա, նկարագրում ա քեզ, ու դու դրանով քեզ ինքնավստահ ու հարմար ես զգում։ Կամ գուցե էդ շորով էիր է՜ն օրը, երբ է՜ն կարևոր բանը էղավ։


Երբ ես ու Վ-ն նոր էինք սկսել հանդիպել, մի օր ասեցի, որ իր համար սվիտր եմ գործելու, մեծ, փափուկ, տաք, մոխրագույն սվիտր, որ երբեք-երբեք չմրսի, որովհետև լավ չի, երբ մրսում ես։ Լավ չի, երբ դողում ես։ Սկզբում էդ սվիտր գործելը էնքան հեշտ էր թվում։ Դե, մտածում էի, 2 շաբաթում կվերջացնեմ։ Հետո 2 շաբաթ ման էի գալիս իմ ուզած էն մոխրագույն թելը, որից պետք էր սվիտր սարքել։ Երբ գտա իմ ուզած երանգի, հաստության ու փափկության թելը, պարզվեց, որ ընդամենը 2 կծիկ ա մնացել ու 1 ամսից են նորերը ստանալու։ Ու դե թողեցի, որ մի ամսից միանգամից առնեմ բոլորը։


Հետո ես սկսեցի աշխատել, դե դասի էի գնում, քննություններ էին ու ես ունեի նաև տնեցիներ, որոնք ուզում էին, որ շփվեմ իրենց հետ։ Էս ամեն ինչից հետո, երբ հոգնած շյուղերը ձեռքս էի վերցնում, մի քանի շարքից ավել գործել չէր լինում։ Երբ ժամանակները շատ խառն էին, իսկ ժամանակները կարող էին ամիսներով խառը լինել, ընդհանրապես չէի գործում։


Արդյունքում սվիտրը գործելը տևեց մոտ 2 տարի 2 շաբաթի փոխարեն։ 2017-ի դեկտեմբերի վերջին սվիտրը պատրաստ էր։ Մնում էր լվանալ, ու դա կդառնար նոր տարվա նվեր։ Ես իրոք սիրում էի էդ սվիտրը, անգամ անուն էի փորձում մտածել։ Էն տպավորությունն էր, որ գործելիս 2 տարվա տարբեր օրերին զգացածս ապրումներն ու սերն էլ եմ հյուսել թելին ու գործել։ Ու դա ինչ-որ ձև էր ինձ Վ-ին ավելի մոտ զգալու էն ժամանակ, երբ մոտ չէի լինի։ Բայց դե դետեմբերի վերջը շատ խառն էր ու ես չհասցրեցի լվանալ, վերջնական կարգի բերել սվիտրը, թողեցի, որ հունվարին նվիրեմ, տոներից հետո, առանց պատճառի ինչ-որ օր։ Որովհետև դե ես ռոմանտիկ էի ու համոզված, որ իսկական նվերները ուղղակի նվերներն են։


Տոներից հետո հունվարի 8-ին հանդիպեցինք։ Որոշել էի էդ օրը տալ սվիտրը, բայց տնից արագ դուրս գալիս մոռացա վերցնել։ Հունվարի 8ին մենք բաժանվեցինք։ 2 տարի 28 օր +/- 6 ժամ միասին լինելուց հետո։ Չնայած դա շատ հարաբերական ա, որովհետև հոկտեմբերի կեսերից էլ միասին չէի՞նք։ ֆիզիկապես կանգնած էինք կողք կողքի, բայց էլ իրար հետ չէինք։ Էդ օրը, հունվարի 8-ին, երկուշաբթի էր, եթե իհարկե ինչ-որ մեկին կհետաքրքրի, էկա տուն ու սկսեցի քանդել գործածս սվիտրը։ Ու քանդելու ընթացքում, երբ էդ սվիտրը էլի թելի կծիկ էր դառնում ձեռքիս մեջ, աչքիս առաջով անցնում էին վերջին 2 տարիները։ Ու ես ջղայինանում էի, ինքս իմ վրա, որ էդքան էներգիա ու սեր եմ դրել մի բան սարքելու վրա որ հիմա քանդում եմ ու չգիտեմ՝ ավելի շատ սարքելու՞ համար էի ջղայինացած թե՞ սարքածս քանդելու։ Թե՞ որ պատկերացրել էի էն օրը, երբ մենք միասին էինք ապրելու ու մեկ-մեկ, երբ կարոտեի իրեն, հագնելու էի էդ սվիտրը, որովհետև դրանից միշտ իր հոտն էր գալու։ Բայց հաստատ իմ վրա էի ջղայինացած։ Իմ ու ոչ ուրիշ մեկի։ Ու քանդում էի սվիտրը։ Անջատված, վերացած, առանց ինքս ինձ զգալու։


Իմ սիրած սվիտրը, եսիմ, էլ գոյություն չունի։

Thursday, January 31, 2019

Երազների մասին

Երբ փոքր էի, երազներս իսկական մարտահրավերներ էին։ Դե հիմնականում մղձավանջներ էին, ես էլ փոքր էի ու հա, ես վախենում էի իմ երազներից։

Կար ինչ-որ ժամանակ, երբ մղձավանջները շատ հաճախակի էին։ Սովորաբար միշտ նույն մարդը սպանում էր ինձ, տարբեր ձևերով։ Վառվում էի, խեղդվում էի, ընկնում էի, մի անգամ ինձ նաև կերել են։ 😃Ամենաանդուր երազն էր, ոչ մեկին խորհուրդ չեմ տա։ Բայց ամենաահավորը էն չէր, որ ես փոքր էի ու բավականին հաճախ մեռնում էի երազում, այլ էն, որ սովորաբար «մեռնելուց հետո» անմիջապես չէի արթնանում ու սենց ինքս ինձ կողքից նայելով մտածում էի, որ վերջ, ես մեռել եմ։

Հետո դե սկսում ենք դպրոց գնալ, մեզ առավոտ զոռով հանում են քնից ու երազները մոռանում ենք, սովորաբար։ Ու երևի էնքան էլ վատ չի երազները մոռանալը, որովհետև մղձավանջներն էլ ես մոռանում։

Բայց բնականաբար որոշ ժամանակ հանգիստ քնելուց ու երազում թռչող գորգեր տեսնելուց հետո, նոր վախերի շորեր հագած վատ երազներն էլ են վերադառնում։

Էդ ժամանակ, երևի 8-9 տարեկան կլինեի, մեր տան կառուցման աշխատանքները դեռ չէին վերջացրել։ Ինչ-որ մարդիկ աստիճաններ էին սարքում, որ կապեն երկու հարկերը։ Հետո երբ աստիճանները պատրաստ էին, ես արագ-արագ բարձրացա վերև, որ տեսնեմ բոլոր սենյակները ու ընտրեմ իմը։ Բայց ես բարձրանում էի, բարձրանում, իսկ աստիճանները չէին վերջանում։ Հետո մաման ու ախպերս արագ իջան կողքովս, ինձ ասեցին որ գնամ իրենց հետևից, բայց ես ուզում էի իմ սենյակը տեսնել։ Հետո պապին իջավ, քրոջս հետ ու հետո բոլոր-բոլոր մարդիկ ում սիրում էի։ Իսկ ես ջղայինանում էի, որովհետև բոլորը տեսել էին իրենց սենյակները, իսկ ես՝ չէ։ Հետո հետ նայեցի ու ներքևում ինչ-որ մութ էր ու մերոնք հազիվ էին երևում։ Մաման ասեց, որ իջնեմ, թե չէ կգնան ու ինձ չեն սպասի։ Իսկ ես չէի ուզում իջնել, բայց գնալով ավելի էր մթնում ու ես ավելի էի բարձրանում։ Մաման երկրորդ անգամ կանչեց, բայց ես չէի շարժվում որովհետև համ մթությունից էի վախենում, համ բարձրությունից։ Հետո մերոնք գնացին։ Չսպասեցին ինձ։ Իսկ ես վերևում կանգնած էի։ Ու մութ էր, բարձր ու մենակ։

Չէ, իրականում մղձավանջները վատ բաներ չեն։ Որովհետև մասամբ իրենց շնորհիվ ա, որ հիմա մթությունից ու բարձրությունի չեմ վախենում։

Հա, բայց ժամանակի ընթացքում երբ մեծանում ես ու վախերդ ավելի աբսուրդ ու անկապ են դառնում, մղձավանջներդ էլ են փոխվում։

Օրինակ մի անգամ, ուրբաթ օրը, տեսել էի, թե ոնց են բոլոր լրատվականները հայտնում էն մասին, թե շաբաթ օրը փչացել ա ու մինչև էդ խնդիրը չլուծեն, ուրբաթից հետո երկուշաբթի ա լինելու։

Մի ուրիշ անգամ ամառ էր, ուժեղ քամի ու քամուց օդ բարձրացած փոշուց ոչ մի բան չէր երևում։ Գենդալֆի հետ էի, ինչ-որ կլոր սեղանի շուրջ նստած գիրք էինք կարդում ու մեկ էլ նա ասեց՝ հենց քամին կանգնի, ձյուն կգա։ Ու անգամ էդ երազում Գենդալֆի լինելու հանգամանքը դա պակաս մղձավանջային չէր դարձնում, եթե ձյուն էր գալու ու կոմունալներդ էլի աստղաբաշխական թվեր էին կազմելու։😃

Բոլորովին վերջերս էր։ Իբր իմ համար հանգիստ քնած եմ, մաման գալիս արթնացնում ա, ասում ա՝ ուշանում ես դասից։ Ես էլ վեր եմ կենում, հագնվում, դասավորում պայուսակս ու գնում ԴՊՐՈՑ։ Պարզվում ա՝ առաջին ժամին մեր մոտ ռուսերեն ա ու էն չսիրածս դասատուն ինձ ստիպում էր ռուսերեն խոսալ ու ես ռուսերեն խոսալուց խեղդվում էի։

Հա, ամենաաբսուրդների շարքից։ Ես քնած էի։ Ամեն առավոտ արթնանում էի, գնում լվացվելու ու լվացվելուց հետո նկատում որ ձեռքիս ինչ-որ բան էր գրված, բայց գրվածը արդեն մաքրվել էր ու ես կարդալ չէի հասցնում։ Հետո անընդհատ կրկնվում էր նույնը․ արթնանում էի, լվացվում, տեսնում գրածը ու չէի հասցնում կարդալ։ Մի օր էլ, երբ էլի գնացել էի լվացվելու, տեսա որ ձեռքերիս բոլոր հնարավոր տեղերում գրված ա ու վերջապես կարդացի։ Պարզվում ա՝ քնած ժամանակ ես ինչ-որ զուգահեռ աշխարհում եմ, որտեղ ինձ փորձում են ամուսնացնել։ Եթե ես մի անգամ էլ քնեմ, դա նրանց կհաջողվի ու ես էլ երբեք չեմ արթնանա ու էս իրականություն չեմ գա։ Ու ես սկսում եմ չքնել։ Իմ քունս ահավոր տանում ա, բայց ես չպետք ա քնեմ։ Հետո Մորփեուսը ջղայինանում ա, որ ես՝ նվաստ մահկանացուս չեմ քնում ու սկսում ա հետապնդել ինձ։ Ու ես փախչում եմ Մորփեուսից ու բոլորից։ Ու իմ քունը ահավոր տանում ա։ Չէ, դուք չեք կարա պատկերացնեք թե ինչքան ահավոր ա լինել քնած ու երազում տեսնել ու դու ուզում ես քնել, քո քունը տանում ա, բայց դու պետք ա փախնես, որովհետև քնի աստվածը հետևիցդ ա ընկել։ Ահավոր էր մի խոսքով։

Էսօր էլ էլի փոքր էի։ Ինչ-որ անկապ խմբակի էի գնում ու պարզվեց սուիցիդի խմբակ ա։ Ու մերոնք հորքուրիս ասում էին՝ էրեխեն սուիցիդի ա գնում ու նենց հպարտ էին։ Հա, խմբակի նպատակը, ինչպես երևի գուշակեցիք, ինքնասպանության կրեատիվ ու հետաքրքիր տարբերակներ մտածելն էր։ 😄

Պատմածս երազները գուցե տարօրինակ են ու տեղ-տեղ մղձավանջի տպավորություն չեն թողնում, բայց ինձ համար մղձավանջ են մնում։

Ասեցի՝ կիսվեմ, թե որոնք են իմ չափանիշներով վատ երազները դուք էլ իմանաք։

Sunday, January 20, 2019

Բաց թողնելու մասին

 Անցած տարի էս ժամանակներն էին։ Ես դեռ Մասիվում էի ապրում։ Կանգառում, որտեղ ոչ ոք չկար, նստած ավտոբուսին էի սպասում։ Էդ ժամին սովորաբար մենակ 44 համարն ա աշխատում։ 44-ը գալիս էր, կիսադատարկ, հոգնած կանգնում, սպասում որ ուղևորներ բարձրանային։ Լինում էր, որ ուղևորներ լինում էին, իսկ ես նստած նայում էի, թե ոնց ա 44-ը գնում։ Էն, որին սպասում էի, գալիս էր ու գնում։ իսկ ես անկապ սպասում էի։ բաց թողնել էի պարապում։


Հիվանդ օրգանը, որ բուժել էլ չի լինում, հեռացնում են, չէ՞։ Փտած ոտքը կտրում են, չէ՞։ Հա, հետո ինչ-որ էդ ուրվականային ցավերը մնում են դեռ երկար-երկար ու ամեն անգամ անձրևների ժամանակ կտրած ոտքը էլի ցավում ա։ Հետո ի՞նչ որ միշտ ցավալու ա․ մի ոտքով գնալ դեռ լինում ա։ Փտա՞ծ ոտք եք ուզում լինել։ Ախր ինչի՞։ Ախր էդ դեպքում երկու լուծում կա․ կամ ձեզ են կտրում ու գցում մի կողմ կամ չեն կտրում ու լրիվ փտում եք, մեռնում եք։ Չկաք։


Գոնե թողեք, որ լավ հիշողությունները մնան լավ հիշողություններ։ Գոնե դրանք մի փչացրեք։ Գնացեք ժամանակին։ Նենց ոնց ժամանակին էկել էիք։ Գնացեք, գրողը տանի, բաց թողեք։ Խեղդում եք արդեն։ Բա՛ց թողեք։ Թողե՛ք։





Saturday, December 8, 2018

Մերին, Ջերին, Ծովն ու ես

կամ Սևան գնալն ու գալը

Դեռ մի շաբաթ առաջ գիտեի, որ ուրբաթ օրը գնալու եմ Թումոյում եսիմ որերորդ անգամ Avengers-ը նայելու։ Ավելի ճիշտ՝ գնում էի տիտրերից հետո շաուրմա ուտելը նայելու, որովետև երեքշաբթի օրերին երբ բոլորով հավաքված հաց էինք ուտում, Արմենը ասում էր՝ ոնց որ мститель-ները լինենք, որ չիտուարներին ռադ անելուց հետո գնում են շաուրմա ուտելու։ Ես անգամ մտածում էի, որ ֆիլմի վերջում պետք ա նախկին կոլեգաների հետ գնալ շաուրմա ուտելու, բայց քանի որ պարզվեց՝ նրանք մինչև վերջ չէին մնացել, ես որոշեցի գնալ տուն։ Բարեբախտաբար ճանապարհին զանգեց Մերին ու ես մտածեցի, որ կարելի ա Մերիի հետ գնալ։

Սասում մեր հերթին սպասելիս․

— Մտածում եմ վաղը գնալ Սևան,- ասում եմ։
— Կլնի՞ մյուս օրը գնաս, ես էլ գամ։
— Չէ, մյուս օրը չեմ կարա, ընտրություններն են։
— Լավ, էդ դեպքում ինչի՞ հիմա չգնանք։

Մինչ հերթը մեզ կհասներ, մենք փորձում էինք հասկանալ՝ ուզու՞մ ենք գնալ թե չէ։ Արժի՞։

— Ուզում էի հարցնել, թե ի՞նչ ռացիոնալ պատճառ ա քեզ հետ պահում գնալուց, հետո հասակացա որ իրականում ոչ մի ռացիոնալ պատճառ չկա գնալու համար,- ասեց Մերին։

Ու հենց գնալու համար բավարար ռացիոնալ պատճառների բացակայության պատճառով, մենք որոշեցինք գնալ։

Նախ գնացինք իմ տուն, հաց կերանք, տաք հագնվեցինք, ծածկոցներ վերցրեցինք ու գնացինք խանութ՝ գինի ու պեչենի առնելու։

— Շենքերի հետևից գալիս ա, ստեղ մոտիկ ա,- ասում եմ Մերիին նայելով թե ոնց ա տաքսին մոտենում։
— Հա, քնած էր, հելավ հագնվեց գալիս ա։

Էկավ, նստեցինք։
— Ու՞ր,- հարցնում է վարորդը։
— Դե Սևա՞ն․․․ քաղա՞ք,-ասում եմ մի տեսակ հարցական տոնով, որովհետև պատվիրելիս նշել էի թե ուր ենք գնալու։
— Էդ հարցնու՞մ ես․․․ հա, Սևան ենք գնում, մեզ թերակղզի տարեք,- ծիծաղելով ասում է Մերին։
— Գեղարքունիքի մարզ, հա՞,- միացնելով շարժիչը հարցնում է վարորդը։
— Ըհն,- ու շարժվում ենք։
— Էրեխեք, բա՞ն ա էղել,- քիչ անց հարցնում է վարորդը ու էդ էրեխեք_բան_ա_էղելը ամենախնդալու բաներից էր, որ ես երբևէ լսել եմ։
— Չէ, զուտ գնում ենք։
— Տենց նստած էիք, ասեցիք՝ էսօր ու՞ր գնանք, դավայ Սևան, հա՞։
— Մոտավորապես։
— Սովորաբար սենց դեպքերում մարդիկ զանգում ասում են՝ երկար ճանապարհ ենք գնալու, անվադողերը, գազը նորմա՞լ ա, դուք սենց միանգամից վերցրեցիք ու գնում եք։
— Դե եթե հարստանանք ու որոշենք մյուս անգամ Տաթև գնալ, կհարցնեմ,- պատասխանում եմ աշխատելով հնարավորինս լուրջ խոսել բավականաչափ անլուրջի տպավորություն թողնելուց հետո։
— Ես կարծում եմ՝ դուք արդեն հարուստ եք։
— Դե սպասեք զանգեմ տուն, ասեմ ինձ չսպասեն, ես էլ քավորիս տանը կմնամ, էս ժամին մենակ էլ հետ չդառնամ,- հետո ասում է,- մեքենան պետք ա գարաժ տանեի, ասեցի՝ մամ gg-ն միացնում եմ, եթե մինչև գարաժ հասնելու ճանապարհին պատվեր էղավ, կանեմ, չէ կգամ տուն։ Գնացի տուն բա չէ։

Հետո սկզբում Քուին էինք լսում, հետո Ռոջեր Վոթըրս ու մառախուղի միջով ժամը մեկին գնում էինք Սևան։

— Չկորեք, էրեխեք,- ասեց վարորդը, երբ իջնում էինք մեքենայից։
— Մենք չենք կորում։

Այսպիսով, մենք Սևանում էինք, դեկտեմբերին, գիշերը երկուսի կողմերը։

Ափին նստած նայում էի մեկ երկնքին, մեկ լճին, մեկ ընկնող աստղերին, մեկ ափին խփվող մակընթացացության ալիքներին ու խաղաղ էի։ Եթե դուք Սևանում չեք էղել ձմռանը, երբ լճի ափի ողջ տրամագծով հավանաբար մենակ դուք եք, երկար ավազին կանգնած մնալուց հետո չեք զգացել ոտքերի շուրջ ավազի մեջ ջրի սառույց դառնալը, ալիքները ձեր շնչառության ռիթմով չեն խփվել ափին ու չեք տեսել թե ոնց են ամպերը երկնքից իջնում լճի վրա ու մառախուղ դառնում ու ոնց են մթության մեջ աչքի առաջ եղևնիները եղյամից սպիտակում, ուրեմն իրոք չգիտեմ թե ինչ խղճով եք մեռնելու։

Մի սև շունո էր էկել ու կողքներիցս տեղ չէր գնում ու քանի որ ես, Մերին ու ծովը էնտեղ էինք, պարզից էլ պարզ էր, որ էդ շունը պետք ա Ջերին լինի։

Չորսից հետո սառնամանիքը անտանելի դարձավ, որոշեցինք քայլել, բայց քայլելն էլ անգամ չէր փրկում ու քանի որ մոտիկ հոսթել կար մենք որոշեցինք թակել դուռը առանց մեծ հույսեր ունենալու թե մեկը կարձագանքի։

— Բաց ա,- լսվեց ներսից ու մենք երջանկացած ներս մտանք։
Պարզվեց որ էդ սենյակում որը ավելի շատ միջանցք էր, քնում էր հոսթելի ջութակահարը ու էդտեղ էր քնում որովհետև մնացած բոլոր համարները զբաղված էին։ Նա բնականաբար հիացավ մեր քաջությամբ ու դիմացկունությամբ։ Իսկ մենք սենյակի ջերմությունից արդեն շշմել էինք։ Քիչ անց էկավ էդ տարածքի պահակ պապին։ Տեսել էր որ լույսը վառն ա, մտածել էր գնա ստուգի թե ինչ ա էղել։ Պահակ պապին նույնպես զարմացավ։ Ինչքա՞ն դախ պետք ա լինել գիշերվա հազարին Սևան գնալու համար, վերջիվերջո։
Միակ նկարը երեկվանից

— Էրեխեք ջան, ինձ կներեք, ես մի քիչ քնեմ,- ասեց ջութակահարը։
— Էրեխեքը կարան գան իմ տուն, հեռուստացույց կնայեն դու էլ հանգիստ կքնես։

Ու մենք գնացինք։ Ու ես անհիշելի ժամանակներ անց նորից հեռուստացույց էի նայում քիչ ա, մի հատ էլ հայկական տափակ սերիալ։ Մերին գլուխը դրել էր սեղանին ու քնել, իսկ ես սպասում էի որ վերջանար իբեյի աուկցիոնը։

Ժամը յոթին դուրս էկանք, որովհետև իմ քունն էլ էր սկսում տանել, իսկ աթոռի վրա նստած քնելը մի քիչ անհարմար ա։

15 րոպե չէր լինի ինչ քայլում էինք, երբ նկատեցինք որ մի մեքենա կանգնած սպասում ա, հավանաբար մեզ, որովհետև սպասելու ուրիշ ոչինչ ու ոչ ոք տեսադաշտում չէր էրևում։ Պարզվեց նա Երևան էր գալիս ու մենք էլի մթության ու մառախուղի միջով ճանապարհ ընկանք, բայց էս անգամ համ մթությունը համ մառախուղը գնալով պակասում էին։

Երևանի ճանապարհին, քնած ու արթուն վիճակների սահմանագծին վերջին ու միակ միտքը որ անընդհատ պտտվում էր գլխումս, էն էր, որ մենք հավանաբար իրոք հարուստ ենք։

Thursday, October 25, 2018

Նախկին կոլեգաներին, գործի տեղը, շենքը, վերելակը ու ընդհանրապես կարոտելու մասին

Պիքսարտում դասընթացի էի ու ուշանում էի ու մինչև շենք մտնելը անընդհատ մտածում էի՝ մենակ Դավիթն ու Քրիստը ծխելու դուրս էկած չլինեն, մենակ էրեխեքիցս ինչ-որ մեկին չտեսնեմ, որովհետև հինգշաբթի էր, իսկ հինգշաբթի օրը իմ էրեխեքի օրն էր։ Որովհետև ես ուշանում էի ու շտապում էի ու չէի ուզում իրենց տեսնել զուտ ոտի վրա, ձեռի հետ։

Դասընթացը ավելի շուտ վերջացավ քան պետք էր, որովհետև բոլորը հոգնած ու անջատված էին, իսկ Գերասիմի ձայնը՝ քնացնող։ Ու ես ուրախացել էի, որովհետև համարյա մի ժամ ժամանակ ունեի Թումոյում թափառելու համար։

Անվտանգության աշխատողը, էն մեկը, որին ես տենց էլ չսիրեցի, ասեց, թե անձնական նպատակներով հանդիպումներ չեն թույլատրվում։ Իսկ ես ոչ ժամանակ ունեի, ոչ էլ հավես բացատրելու համար, որ հա, կարող ա, գուցե, հավանաբար իմ հանդիպումը անձնական ա, բայց էդ հանդիպումը հենց Թումոյի հետ ա, ոչ թե կոլեգաներիցս, ուսանողներիցս կամ ուրիշ ինչ-որ մեկի հետ։ Մանավանդ որ Թումոյի մասին մեր պատկերացումները ակնհայտորեն չէին համընկնում։ Ու առանց ավելորդ ժամանակ վատնելու գնացի գլխավոր մուտքով ներս մտնելու։

Օգոստոսին, երբ դեռ 2 ամիս էլ չէր անցել Թումոյից դուրս գալուց, մի անգամ երազիս տեսել էի, թե իբր գնացել եմ Թումո, հասել մուտքի մոտ, իսկ դռները չն բացվում։ Երբ ուրրիշներն էին մոտենում, դուռը բացվում էր, ներս էին մտնում կամ դուրս գալիս, հենց ես էի մոտենում, փակվում էր ու էլ չէր բացվում։ Ահավոր երազ էր։ Ու էդ օրվանից ամեն անգամ էդ դռանը մոտենալիս շունչս պահում եմ, մինչև բարեհաջող ներս մտնելը։

Խոջոյանն էլ էր էսօր հյուր էկել ու ես կրկնակի, եռակի շատ ուրախացա։ Ու իրան տեսնելուց չկարեցա չմտածեմ, թե ինչ իդեալական կլիներ, եթե էն պատահականությունը, որ ինձ ու Դավիթին նույն օրը Թումո էր բերել, Հայկին ու Արմենին էլ բերած լիներ։

 Լիքը պայծառ մարդկանց գրկելուց հետո թափառում էի հարթակներում հուսալով որ հեսա ուսանողներից ինչ-որ մեկին կտեսնեմ։ Դավիթին ու քրոջը տեսա, ու գրողը տանի, երբեք մտքովս չէր անցնի, որ իրանց տեսնելուց էսքան կուրախանամ։ Հետո էլի մի էրկուսին։ Բայց մեծամասամբ լրիվ ուրիշ էրեխեք էին։ Կային ոմանք որ ինձ հիշում էին ու ահավոր հաճելի էր հիշված լինելը։

Հետո Դ հարթակում խոսում ենք, Քրիստին հարցնում եմ՝ բա ու՞ր ա Տարոնը։ Ասում ա՝ դուրս ա էկել։ Սիրտս կանգնում ա, ասում եմ՝ ո՞նց չեմ հավատում։ Ասում ա՝ ուղղակի էսօր ա շուտ դուրս էկել ու սիրտս տեղն ա ընկնում, որովհետև Տարոնը ոնց որ Թումոյի Մելկիադեսը լինի։

Վերջում դուրս էկա ու հետևի մուտքի մոտ սպասում էի, որ հերթով բոլորը դուրս գան ու հերթով բոլորին գրկեմ, որ ոչ ոք առանց հաջող անելու չհասցնի գնալ, որովհետև ես դա հիվանդագին ծանր կտանեի։ Հետո գնացի կանգառ։ Սկզբում Մարին էր էնտեղ, հետո Վիկան էկավ։ Ու մենք խոսում էինք։ Ամեն մեկս սպասում էր իր ավտոբուսին, իսկ ես սպասում էի իմանալով, որ չի գա, հաստատ չի գա ու ես պետք ա 2 կանգառ քայլեմ տուն հասնելու համար։ ՈՒ ի՞նչ տարբերություն թե էդ դեպքում, երբ տուն կհասնեմ ու ինչով։ Սկզբում Մարիին ճանապարհեցինք, հետո Վիկային։ Վիկան մի պահ մոռացել էր, որ ես էլ Մասիվում չեմ ապրում ու մենք իրար հետ տուն չենք գնա։ Ասեց՝ վայ, դու էլ չես գալիս ու ավտոբուս բարձրացավ։ Իսկ «վայ, դու էլ չես գալիս»-ը մնաց ականջներիս մեջ։

5 համարի մեջ ամբողջ ճանապարհին ինչ-որ ֆլեշբեքեր էին գալիս ու գնում։ Առաջինը հիշում էի, թե ոնց էինք Ալիաս խաղում 31-ով կամ 52Ա-ով ես, Հայկոն, Արմենը, Մարինեն ու Վիկան տուն գնալու ճանապարհին։ Ոնց էին մարդիկ մի տեասկ նայում մեզ, որովհետև երևի հենց մի տեսակ էինք։ Ու էն անգամը, որ ուղղակի ականջակալներս ձեռքիս մեջ էին, Արմենը ասեց՝ մեր հետ շփվի, էդ հետո կլսես։ Չնայած որ ականջակալները ուղղակի ձեռքումս էին ու ես ոչինչ չէի լսում, բայց հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա ես իրանց հետ քիչ եմ շփվել։ Որովհետև էդ երգերս միշտ հետս են, իսկ իրանք՝ չէ, որովհետև ես երգերիս չեմ կարոտում, իսկ իրանց կարոտում եմ միշտ։

Հետո ամեն օրվա ժողովներն էի հիշել ու որ ես չէի սիրում էդ ժողովները, իսկ հիմա կարոտում եմ։ Եսիմ, երևի ինձանից ա, որովհետև ես հաջողացնում եմ ամեն ինչ կարոտել։

Չեմ ասի, թե Թումոյից դուրս գալը իմ կյանքում բաց տեղ ա թողել։ Չէ, որովհետև իմ ու Թումոյի հարաբերությունները «խզվեցին» ճիշտ ժամանակին։ Ես ուղղակի անսահման, աննկարագրելի շատ կարոտում եմ իրան։ Ես կարոտում եմ էն, որ քոչրումում անկապ նստած էինք, մեկ էլ, ինֆոդեսկից մեկը գալիս ասում էր՝ էրեխեքը ներս են մտել, իսկ հարթակում մարդ չկա։ Ես հիշում եմ, թե ոնց էի ջղայինանում էդ պահին, որովհետև Գոռ/Գայանե ջան, գրողը տանի, դու չես էն մեկը, ով պետք ա ինձ հիշեցնի իմ աշխատանքային պարականությունները, լա՞վ ջան։ Կարոտում եմ հարթակում գոռալը՝ էրեխե՜ք, ով ունի մատիտ, որ էլ չի օգտագործում, մատի՜տ, որ էլ չեք օգտագործում, չէ՞, չկա՞, չունե՞ք․․․ ու էրկու վայրկյան հետո նորից նույն տեքստը։ Ասենք գրողը տանի, դժվար էր մի քիչ ավելի շատ մատիտներ ունենալը։ Հա, ու առաջին դասի ժամանակ էրեխեքին լավ ու վատ ծովահենների ու այլմոլորակայինների մասին պատմելն եմ կարոտում։

Քոչրումի պատերի գրություններն եմ կարոտում, հոտավետ բաներ չուտելու, կեղտոտ սպասք չթողնելու, խոզ չլինելու ու էլի նման բաների մասին։ Բվով լոքերս եմ կարոտում, տեսնես՝ ո՞վ ա հիմա էնտեղ ապրում։ Ու հա, կարոտում եմ էն ժամանակները, երբ էդ լոքերում լիքը չայեր էին ու երբ բացում էի դուռը, դարիչինի հոտը տարածվում էր ամբողջ սենյակում։ Ու չայերս պայծառ մարդկանց հետ կիսելն եմ կարոտում։ Երեքշաբթի օրերը թումո-բանակից հետո կոլա առնելու սրբազան արարողակարգը։ Սեսիայի վերջում մատիտները հավաքելն ու ինֆոդեսկ տանելը։ Բրեյնսթորմինգում չորեքշաբթի օրվա ժողովներից հետո կինոների թրիլերներ նայելն եմ կարոտում։ Գրողը տանի, հեսա Գրինդեվալդը որ հելնի, ի՞նչ սրտով եմ նայելու, եթե Արմենի ու Մարտինի հետ հաջորդ օրը չեմ կարենալու էդ մասին խոսալ։ Մարտինի՝ էրեխեքի վրա ջղայինանալն եմ կարոտել։ Ու թե Համոն ոնց էր ասում՝ 5 ամիս առաջ բեյզքեմփով թասք եմ տվել, էն օրը ես եմ մտել իմ տված թասքը դան տվել, մի քիչ ուշադիր էղեք էլի հո սաղ չպետք ա ասեմ։ Աստված, բա մարդ զուգարանում ծխած էրեխա չունենար, որ գնար գլխին քարոզ կարդար, թե ջահել էրեխա ես․ ի՞նչ ես անում, էդ էրեխեն էլ մի քիչ նվնվար, մի քիչ տզտզար, թե էս անգամ տուն մի զանգեք, ես էլ հավատայի, հետո հաջորդ շաբաթ ավելի վատ բան անելուց բռնվեր ու Համոն ասեր՝ անցած շաբաթ որ իրա ծնողին պետք ա զանգեիր, չես զանգել, ես էլ մի պահ ապուշանայի, հետո ասեի՝ հեսա կզանգեմ։ Գրողը տանի, Նինայի երգերն եմ կարոտում։ Ու թե ոնց էր Լուսոն երգելով քոչրում մտնում։ Արմենի մատիտը բռնելու ձևն եմ կարոտում։ Ու թե ոնց էր Գազազը ձեռքերը վեսթի գրպանները դրած քայլում հարթակում։ Հա, ու կարոտում եմ թե ոնց էին Հայկն ու Արմենը հարմարեցնում հաց ուտելու ժամերը։ Բիատի հարթակներում պարելն եմ կարոտում։ Հա, ու թե ոնց էր Համոն էն դեբիլ փոմփոլիկներով գլխարկը դրած բեդ բիհեյվրների ձևերը անելով քայլում։ Անասելի, անտանելի շատ կարոտում եմ էրեխեքիս, անգամ Անդրանիկին, ով չորեքշաբթի օրն էր գալիս, բեդբիեհյվր էր ու դնում էր էն հռչակավոր փոմփոլիկներով գլխարկից։

Էն պահին, որ պետք ա ասեի՝ կանգառում կպահեք, փետրվարի էն օրը հիշեցի, երբ ես, Արմենն ու Հայկոն 31-ով միասին տուն էինք գնում։ Արմենը ռայկոմում արդեն իջել էր, համարյա Հայկոյի կանգառ էինք հասնում, հարց էի տվել, իսկ ինքը ձգձգում էր պատասխանը։ Ասեց՝ գիտես ի՞նչ․ կյանքում գալիս են պահեր, երբ ուղղակի պետք ա ասես ․․․ կանգառում կպահեք։ Ու իջավ։ Ու հա, կյանքում կան պահեր, երբ պետք ուղղակի ասես՝ կանգառում կպահեք ու իջնես ավտոբուսից ու թքած որ դա գուցե քո կանգառը չի։ Ես ու Թումոն ոնց որ շատ իդեալական սիրածներ լինեինք, որոնց հարաբերությունները գնում էին փլուզման, դե կյանք ա, տենց էլ ա լինում, ուղղակի ես շատ ճիշտ պահի իջա կանգառում։

Sunday, August 26, 2018

Անկապ բաների մասին

Ես սիրում եմ անկապ քայլել ու մի ժամանակ կար բարի ավանդույթ աննպատակ քայլել էնտեղ, որտեղ տանում են լուսացույցերը խաչմերուկում թեքվելով էն ուղղությամ, որտեղ կանաչ լույս էր վառվում։ Հետո հասկացա, որ իրականում շատ ավելի հետաքրքիր ա քայլել էն նեղ, փախած փողոցներով, որտեղ լույսացույցեր սովորաբար չեն լինում։ Էս գրառումը նման ա լուսացույցի կանաչի հետևից քայլելուն․ ես չգիտեմ ուր եմ գնում, չգիտեմ ուր են տանում ինձ մտքերս, բայց զգում եմ, որ պետք ա գրել։

Էսօր էլի ինչ-որ մեկը զարմացավ, որ մենակ եմ ապրում, հետո հարցրեց՝ բա դժվար չի՞։ Դժվար է։ Բա ո՞նց ես հասցնում։ Մի կերպ։ Բա տնեցիք քեզ չե՞ն օգնում։ Ես մենակ եմ ապրում ու ես եմ իմ միակ տնեցին։ Դե նկատի ունեմ՝ ծնողներդ։ Չէ, ես չեմ ուզում, որ ինձ օգնեն։ 

Ես չեմ ուզում, որ ինձ օգնեն։ Թե՞ ես չեմ ուզում, որ ինձ օգնեն մարդիկ, ովքեր պետք ա ինձ տեսնեն կայացած, ուժեղ ու ինքնուրույն։ Օրինակ չեմ ուզում ծնողներիցս օգնություն խնդրել, որովհետև իրենք սպասում են դրան, որովհետև իրենք վստահ չեն իմ ուժերին ու սպասում են էն օրվան, երբ ես կծախողվեմ ու իրենք կկարողանան վերջապես օգնել ինձ։ Մի քանի օր առաջ ոտքս դուրս էր ընկել։ Մի հոգի իմացավ էդ մասին, կոլեգաներիցս մեկը, որովհետև պետք ա  բացատրեի, թե ինչի չեմ կարող աշխատանքի գնալ։ Հետո երբ արդեն հիվանդանոցում էի, կոլեգաներիցս ևս մեկը։ Երբ զգացի որ ես չեմ կարող իջնել շենքի աստիճաններով, ստիպված շտապօգնություն կանչեցի, որ ինձ հիվանդանոց տանեն։ Ու թող թվա, որ ես դեբիլ եմ, բայց ես երկու ժամ պարապում էի, թե ոնց եմ խնդրելու որ ինձ օգնեն իջնել աստիճաններով։ Ինձ մխիթարում էի, որ դա իրենց աշխատանքն ա  ու իրենք ուղղակի աշխատում են։ Երբ տուն էկա, մամային չասեցի, որ ոտքս դուրս էր ընկել ու փոքր, շա՜տ փոքր չաք ունեմ։ Որովհետև անհանգստանալու էր, որովհետև էդ ճաքը իրականում փոքրիկ ծախողում էր։ Ընկերներիցս մեկը առաջարկեց գալ ու ինձ համար համով բաներ սարքել, հոգ տանել իմ մասին։ Բայց ես մերժեցի։ Որովհետև եսիմ չգիտեմ։

Դավիթի երդման արարողության ժամանակ ինձ բռնացրեցի նախկինիս մասին մտածելու վրա։ Որ ինքն էլ ա հիմա ծառայում ու նույն հաջողությամբ կարող էր իր երդման արարողությունը լինել։ Հետո շարքերում իրեն էի ման գալիս։ Թե ինչի, չգիտեմ։ Ես անգամ վստահ չեմ, որ հիմա իրեն սիրում եմ։ Բայց ամեն դեպքում քրոջից հարցրեցի, թե որտեղ ա ու ոնց։ Հետո երազիս իրեն տեսա։ Ամեն ինչ Ջոնի Քեշի She Used to Love Me a Lote-ի պես էր։ Ուղղակի ես վերջում չկարողացա ասել՝ ես քեզ շատ ԷԻ սիրում, ուղղակի գրկեցի ու լաց էի լինում։ Ու վեր թռա։ Ու պարզվեց, որ քնիս մեջ իրոք լաց էի լինում։

Կոլեգաներիցս մեկը ահավոր սիրուն է։ Էնքան սիրուն, որ իրեն չնայել չի լինում ու անընդհատ շեղում ա ուշադրությունս։ Ես էլ շեղվում եմ։ Գոնե մենակ սիրուն լիներ, կասեի ոչինչ, բայց համ էլ խելացի ա ու թույն սերիալներ ա նայում։ Բայց ես միշտ սիրել եմ նայել սիրուն բաներին։ Ու հավանաբար ինքը հերթական սիրուն բանն ա, որին ես կնայեմ էնքան, մինչև կսովորեմ։ 

Երկու ժամ ունեի մինչև Լուսինեին հանդիպելը, որոշեցի Կասկադի գրադարանում գործ անել։ Բայց պարզվեց՝ հնարավոր չի, որովհետև իրենք չեն թողնում պայուսակդ ներս մտցնես, չեն թողնում ջուրդ հետդ տանես, վայֆայը փաբլիք չի, իրենց կոմպերն էլ ահավոր վատն են ու կանգնած պետք ա գործ անես։ Ես էլ որոշեցի իրենց գրքերը ուսումնասիրել։ Սինտիա Լենոնը՝ Ջոնի առաջին կինը, Ջոնի մասին շատ սիրուն գիրք ունի գրած։ Ու փշաքաղվելու ա, թե ոնց ա ինքը էդքան տարի հետո, էդքան ջերմ պատմում մեկի մասին, ով իրեն թողել է ուրիշի համար։ Իրենց ամուսնալուծությունից, Լենոնի մասից էդքան տարի անց ինքը անասելի ջերմ բան ա զգում Լենոնի նկատմամբ։ Ու էդ տխրեցնում ա, երբ մտածում եմ, որ հավանաբար իմ վերջն էլ տենց կլինի։ Ախր գրողը տանի, եթե սթափ դատենք, էն բոլոր տղաները, որոնց հավանել եմ, ինչ-որ բանով հիշեցրել են նախկինիս ու դադարել եմ իրենց հավանել, որովհետև արել են կոնկրետ ինչ-որ բան, որ նախկինս հաստատ չէր անի։ 

Կարծես թե ստացվում ա հերթական գրառումը նախկինի մասին։ 

Լուսինեին անհիշելի ժամանակներից չէի տեսել։ Ինքը դարձավ 15-րդ մարդը ում համոզել ու Հալդի եմ տարել։ Լիքը անկապ բաներից էինք խոսում։ Հետո Անիի պատմվածքից սկսեցինք խոսել։ Ասեց, որ Հայկն ու Անին էլ միասին չեն ու եթե միասին լինեին, Անին էդքան թույն չէր գրի։ Տխրեցի։ Ես սիրածս զույգերի բրեյքափը համարյա սեփականի չափ ծանր եմ տանում։ Ահավոր ա։ Անին ասում էր, որ երբ ինչ-որ մեկը գնում ա, էլ չի վերադառնում, որովհետև վերադարձողը արդեն ուրիշ մարդ ա։ Ու մենք նույն մարդը չենք գնալուց առաջ ու գալուց հետո, մենք տարբեր ենք։ Ու ես մտածում եմ, որ ես նույն մարդը չեմ ինչ երեկ էի ու ես ուրիշ կլինեմ մի շաբաթից ու հուսով եմ՝ կլինեմ ավելի լավը։ 

Լուսինեին ճանապարհելուց հետո երկար ավտոբուսին էի սպասում, հետո որոշեցի քայել։ Նորայրի տան մոտով անցնելիս պատշգամբին նայեցի ու մտածեցի, որ հաճելի ա ապրել մի քաղաքում, որտեղ քայլում ես ու հոպ, էս պատշգամբում քո ընկերներից մեկը առավոտները մեկ-մեկ թեյ ա խմում։ Ընդհանրապես հաճելի ա ապրել քաղաքում, որի բոլոր անկյուններում հիշողություններ ունես, անգամ եթե էդ հիշողությունները միշտ չի, որ հաճելի են։ 

Գլխումս անկապ, անկանոն ինչ-որ մտքերն են հա պտտվում։ Ու դժվար եմ հասկանում ինքս ինձ հիմա։ Ու ընդհանրապես դժվար ա։ Ամեն ինչ։ Ու հեշտ չի լինելու, երբեք չի հեշտանալու, զուտ մենք ենք սովորելու դժվարություններին։ Անժելի հետ գինեկոլոգիա պարապելիս հիշում եմ, որ ասեց, թե ոչ ոք հստակ չգիտի թե ոնց ա լինում, որ էրեխեն հենց էդ պահին ա որոշում ծնվել։ Ես քանի որ հակված եմ տափակ պսևդոբաներ մտածել, կարծում եմ, որ պատասխանը հենց դա ա․ երեխան որոշում ա ծնվել, որոշում ա, որ պատրաստ ա։ Ու էդ պահից սկսած սկսվում են իր կյանքի անվերջանալի դժվարությունները։ Կարծում եմ՝ պետք ա որ դժվար լինի սկսել խոսել, քայլել, հաշվել, մեծանալ։ Հատկապես մեծանալ։ 

Մամաս ինձանից նեղանում ա, որովհետև ես ժամանակ չունեմ ու հոգնած եմ։ Իսկ ես չգիտեմ, երկու աշխատանքի, մի կամավորության, սեպտեմբերի լիկվիդներիս պատրաստվելու, Գյումրիի սեմինարը պատրաստելու, թարգմանություններ անելու արանքում ո՞նց ճխտեմ անձնական կյանքս, ընկերներիս, ընտանիքիս ու գիշերները քնելս։ Կյանքը ոնց որ 58 համարի ավտոբուսը լինի իրիկունը 11-ին, ես վերջում մի կերպ ճխտված ինչ-որ մեկը ում համար սկի բռնվելու տեղ չկա, բայց ինքը փորձում ա ոտքի վրա մնալ։ Ու նենց, ոնց ինձ են կյանքի մեջ խցկել, տենց էլ ես եմ իմ կյանք խցկում լիքը բաներ։ Սովորաբար լիքը անկապ բաներ։ 

Միշտ իմացել եմ, որ 2020-ին իմ կյանքը ուրիշ ա լինելու, չգիտեմ ոնց, բայց իմացել եմ։ Ու հա, 2020-ին իմ կյանքը կլինի։

Որոշել էի, որ իմ տանը միշտ թարմ ծաղիկներ պետք ա լինեն։ Տուն գալիս խաչմերուկի ծաղկի խանութը բաց էր, ներս մտա, բայց վաճառող տատին քնած էր բազմոցին, ծածկոցն էլ ոտքերից գցել էր։ Ծածկոցը գցեցի ոտքերին ու դուրս էկա։ Ու ինձ մնացին չորացած երիցուկներս։ 



Tuesday, August 14, 2018

100 հարց, 100 պատասխան

1․ Էսօր կայացրած ամենաբարդ որոշումդ։

Մենակ էսօր չէ, ամեն օր ամենադժվարը տեղերից վեր կենալ որոշելն ա։ Դրանից հետո մնացած ամեն ինչ խաղ ու պար ա։

2․ Ամենադժվար որոշումը, որ կայացրել ես էս տարի։ 

Թումոյից դուրս գալը։ Ահավոր շատ էի սիրում գործս ու ահավոր դժվար էր էդ որոշումը ընդունելը, հետո իրականացնելը ու իրականացնելուց հետո առաջ գնալը։ Լիքը սիրած մարդկանց դավաճանած էի զգում։

3․ Մինչև հիմա կայացրածդ ամենաբարդ որոշումը։

Չզանգել, չգրել, չկարդալ հին մեյլերը, նամակները, չնայել հին նկարները։ Չմանրանամ։

4․ Ի՞նչ ես մոռացել։

Որ շատ փոքր էի, պապիս ինձ համար միշտ հեքիաթ էր պատմում։ մի հեքիաթ կար, շատ-շատ էի սիրում, բայց վերջը չեմ հիշում։ Հավանաբար երկքնից 3 խնձոր էր ընկնում։

5․ Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս։

Աաաա, շատ լավն ա էս հարցը։ Կենսաբան ու գրող։ Ու հետո, որ մեռնեմ ու գերեզմանիս վրա ծառեր տնկեն, ծառ կդառնամ :D 


6. Ո՞նց կնկարագրեիր էն իրավիճակը, հոգեվիճակը, որում հիմա դու ես։ 

Անկանոն ու անկանխատեսելի։ Ես չգիտեմ վաղը ինչ կլինի ու որտեղ կլինեմ։ Ես ոնց որ իմ գիտափորձը լինեմ, որը չգիտեմ ինչ արդյունք կունենա, բայց ես գոհ կլինեմ ցանկացած արդյունքից, որովհետև վերջիվերջո ինձ բացահայտում եմ, հասնում ինքնաճանաչման:


7. Ինչի՞ց ես նոստալիգիաների մեջ ընկնում։

Երգերից ու հոտերից։ 

8․ Եթե քեզ ապրելու 2 ժամ մնացած լիներ, ի՞նչ կանեիր։

Դարչինով ու չրերով չայ կսարքեի, նկարներիս արխիվները կնայեի ընթացքում երգ լսելով։ Կարող ա սիրածս մարդկանց վերջին անգամ գրեի, որ սիրում եմ իրանց։ Ու կտխրեի երևի մի քիչ։ 

9․ Աշխարհի ամենասիրուն բառը/բառերը։

Ես խոստանում եմ մի օր սիրածս բառերի մասին առանձին գրառում անել, բայց հիմա կարճ կասեմ՝ գարուն, արև, ոգելից։

10․ Ի՞նչն է ստիպում քեզ ծիծաղել։ 

Ամեն ինչը, ես ծիծաղում եմ ամեն ինչից։ 

11․ Ի՞նչ ես սովորել հորիցդ։ 

Ձեռք բռնել։ Ղզիկ բան եմ ասելու, բայց պետք ա պատմեմ։ Փոքր ժամանակ ես սարսափում էի արյան տեսքից։ Մի անգամ հիվանդ էի ու գիշերվա հազարին արթնանում եմ ու տեսնում, որ բարձս լրիվ արյուն ա, քթիցս արյուն էր գալիս ու չէր կտրվում։ Պատկերացրեք էլի ոնց վախեցած կլնեմ, 6 տարեկան էի էդ ժամանակ։ Սկսեցի բարձր լացել։ Մաման ու պապան էկան։ Իրանք էլ ինձանից պակաս չվախեցան։ Մաման սրբիչներ ու թաշկինակներ բերեց, ես անկապ զռռում էի։ Ոչ մի տեղս չէր ցավում, ուղղակի էդքան արյուն տեսնելով վախեցել էի, մտածում էի՝ մեռնում եմ։ Ու պապան էկավ գրկեց ու ափերի մեջ առավ ձեռքերս։ Մի քանի րոպեից արյունը կտրվեց, բայց պապան ձեռքս բռնած էր ու տենց էլ քնեցի։ Էդ ժամանակվանից երևի մտածում եմ, որ երբ ինչ-որ մեկը լավ չի ու վախենում ա, պետք ա իրա ձեռքը բռնել։ 

12․ Ի՞նչ ես սովորել մորիցդ։

Ո՞ր մեկը ասեմ։ Պատասխանատու լինել։ Ու լավ լինել, երբ ամեն ինչ անտանելի վատ ա։ Ու ջեմով պիրոգ սարքել։ Ու վաբշե, իմ մաման աշխարհի ամենակյանք արարածն ա։

13․ Լավագույն նվերը, որ երբևէ տվել ես ինչ-որ մեկին։

Շարֆ եմ գործել մեկի համար ում սիրահարված էի ու անկապ տեղը նվիրել։ 

14․ Լավագույն նվերը, որ դու ես ստացել։

Գործից դուրս գալուս օրը Գարիկի նվիրած կախարդական փայտիկը։ Հիմա ինքը բանալիներիս կապոցի վրա ա ու ես ամեն անգամ ալոհամորա անելով եմ տանս դուռը բացում։ 

15․ Օրվա մեջ քանի՞ անգամ ես նայում հայելու մեջ։ 

Ամեն անգամ լվացվելուց հետո։ Չեմ հաշվել, բայց հավանաբար բավականին շատ։ 

16․ Ըստ քեզ՝ ի՞նչ են ստանում ընկերներդ ձեր հարաբերություններից։

Ըմ, ես սիրում եմ լսել մարդկանց։ Ու ես ընդունում եմ մարդկանց։ Ու իմ տանը միշտ տեղ կա, ուտելիք ու չայ։ 

17․ Եթե պատահականորեն ընտրեին քո տարիքի 100 մարդու, ի՞նչ ես կարծում, իրենցից քանի՞սը ավելի երջանիկ կյանքով կապրեին քան դու։

Ախր էդ երջանկությունը նենց սպեցիֆիկ բան ա։ Ես օրինակ հիմա երջանիկ եմ։ Ու ինձ թվում ա իմ տարիքի 100 հոգուց քչերն ա, որ երջանիկ կարան լինեն, էն պատճառներով որ ես եմ երջանիկլինում։ Նենց որ, երևի ոչ մեկը։ 


18․ Դպրոցում ո՞ր առարկայից էիր ամենալավը։ 

Ըմ, ես դպրոցում գերազանցիկ եմ էղել։ Բայց երևի ամեն դեպքում գրականություն։

19․ Գործողություններ, որ ամենաշատն են քեզ բնորոշում։ 

Գիշերվա հազարին քայլելու գնալը ու լապտերներին նայելը։ Անկապ բաների վրա փողերը վատնելը ու ամսվա կեսը աղքատ գոյություն քարշ տալը։ Մոտ ու հեռավոր ապագայի պլանները կազմելը ու պարբերաբար էդ պլանները ավելի կատարելագործելը։ Միշտ պետք էղածից բարձր նշաձող դնելը։ Անկապ պատմությունների մեջ ընկնելը։ 


20․ Ի՞նչ պետք է անեն, որ դու քեզ "աջակցված" զգաս։ 

Էս վերջին մի քանի ամսվա ընթացքում ես սովորաբար ինձ լքված էի զգում ու էկա էն եզրահանգմանը, որ ինձ ոչ մեկի աջակցությունն էլ պետք չի։ Բայց եթե պատկերացնենք հիպոթետիկ իրավիճակ, որտեղ ես ինչ-որ մեկին դարդերս եմ պատմում, ինքը լուռ լսում ա ինձ, հետո իմ համար դարչինով չայ սարքում, միացնում աշխարհի ամենադեպրեսիվ երգերը ու մենք սկսում ենք եղանակի մասին խոսալով չայ խմել, ես ինձ շատ աջակցված կզգամ։ :D 

21․ Ինչո՞վ ես թաքուն հիանում։

Ես սովորաբար բացահայտ եմ հիանում։ Ու լիքը բաներով։ Օրինակ երթևեկությամբ։ Ահավոր սիրուն երևույթ ա։ Ու ընդհանրապես կյանքը շարժման մեջ շատ սիրուն ա ու կյանքը միշտ ա շարժման մեջ։

22․ Օրվա ո՞ր ժամերին ես ավելի ակտիվ ու ի՞նչ ես անում սովորաբար էդ ժամանակ։

Իրիկունը 9-3-ը ընկած հատվածում։ Ես մի քիչ բու եմ։ Սովորաբար եթե ինչ-որ բան պետք ա սովորեմ, աշխատում եմ էդ ժամանակ անել։

23․ Առանց ինչի՞ երբեք տնից դուրս չես գա։ 

Արևիս։ Էնքան էլ արև չի։ Հնդկացիական լեզուներից մեկով էդ նշանակում էր՝ ներդաշնակություն։ 

24․ Կա՞ երազ, որ հաճախ է կրկնվում։ 

Փոքր ժամանակ կար, դեբիլ մղձավանջ էր։ Ամեն անգամ նույնությամբ կրկնվում էր։ Հիմա հաճախ եմ տեսնում թե թռնում եմ երազում։ Էդ երևի միակ կրկնությունն ա։ 

25․ Ե՞րբ ես ապահով զգում։ 

Միշտ, երբ իմ տանն եմ։ Կապ չունի, որ իմ 4 պատից դուրս կարա աշխարհի վերջը լինի, ներսում միշտ ապահով ա։ 

26․ Քեզ հետ պատահած ամենալավ բանը։ 

Անժելը։ Իրոք։ Ինքը լավագույն ընկերն ա, որ ես ունեմ։ Ու մենք կարանք գորգոռանք ու մուննաթ գանք իրար վրա, կարանք օրերով ու ամիսներով չխոսանք իրար հետ, ոչ թե որովհետև կռված ենք այլ ուղղակի ժամանակ չունենք, բայց մեկ ա մենք միշտ կանք իրար համար ու դա ահավոր թույն ա։ 

27․ Ի՞նչ կուզեիր, որ մարդիկ ասեին քո մասին, երբ մեռած կլինեիր։ 

Ես չէի ուզի, որ ինչ-որ բան ասեինք։ Բայց հավես կլիներ, եթե հիշելիս սենց նոստալգիկ ժպտային, մի քիչ հուզվեին, բայց էլի ժպտային։ Ես սիրում եմ, որ մարդիկ ժպտում են։


28․ Գիտության մեջ ի՞նչն ա ամենաթույնը։ 

Ասենք ահավոր թույն ա գիտությունը ընդհանրապես, ի՞նչ ասեմ։ Էդ ոնց որ կախարդանք ա։ Ուղղակի կախարդական բաները լինում են ոչ թե հոկուսպոկուս ասելով, այլ տարիների քրտնաջան ու կախգլուխ աշխատանքի շնորհիվ։ 

29․ Ինչի՞ վրա ես հավեսով գումար ծախսել։

Նոր տարվան տնեցիքի համար նվերներ առնելու։ էս իմ ամենասիրած երկու բաների կոմբոն ա՝ նոր տարի ու նվեր առնել։

30․ Ի՞նչ վատ սովորություն ունես։ 

Ես կարամ օրերով աղբը չթափեմ, որովհետև ալարում եմ։ 

31․ Ինչի՞ համար ես շնորհակալ։ 

Լուրջ եմ ասում, ամենաշատը շնորհակալ եմ նախկինիցս ինձ թողնելու համար, ոնց որ թևեր ստացած լինեմ։ 

32․ Ինչի՞ն ես նախանձում։ 

Ես սովորաբար չեմ նախանձում, ավելի ճիշտ՝ չէի նախանձում մինչև էս ամառ։ Հիմա նախանձում եմ բոլոր էն մարդկանց, ովքեր էս ամառ արձակուրդ են ունեցել։ 

33․ Պատկեր, որ երբեք չես մոռանա։ 

Արևածաղիկները։ 

34․ Դեպք, երբ քիչ էր մնում մեռնեիր։ 

Մի քանի տարի առաջ տատիս ու պապիս տանն էի։ Գիշերվա հազարին վեր կացա անսովոր աղմուկից։ Աչքերս բացեցի ու ջոկեցի, որ մահճակալս շարժվում ա, լամպը շարժվում ա, գրողը տանի, ամեն ինչ շարժվում ա, գրողը տանի, երկրաշարժ ա, գրողը տանի, մեռնելու եմ։ Բնականաբար չմեռա։ Ընդամենը թեթև ցնում էր, մի 5 - 6 բալանոց երևի։ Բայց ահավոր էր։ Սաղ կյանքս աչքիս առաջով անցավ ու հասցրեցի ափսոսալ չարածս բաների համար։ Ու ամենավատը էն էր, որ տեղիցս չէի շարժվում, սպասում էի, թե երբ ա առաստաղը գլխիս ընկնելու։ 

35․ Եթե նմանակ ունենայիր, ի՞նչ կաներ ինքը քո համար։ 

Եսիմ, երևի ինքը կաշխատեր մեզ պահելու համար, ես էլ առավոտից իրիկուն գրադարան կգնայի ու կսովորեի։ Վայ, ինչ վատն եմ ես, շահագործում եմ խեղճին։ 

36․ Դրախտը քո պատկերացմամբ։ 

Դրախտում կասայի մոտ հերթ չեն կանգնում, որովհետև ամեն ինչ էնքան իդեալական ա, որ հենց յասնում ես կասային, քեզանից առաջ էղած մարդը ժպտում ա քեզ ու գնում ա։ 

37․ Բա դժո՞խքը։

Դժողքը էդ երթուղային ա, որտեղ դու լուսամուտի մոտ ես նստած, կողքիդ նստած տատին ասում ա՝ բացի էդ պատուհանը, հետևիդ նստած պապին թե՝ փակի էդ պատուհանը ու դու պարտավոր ես անել էն ինչ իրանք ասում են։ Երթուղայինում այլանդակ ռաբիզ ա, ականջակալիդ մի կողմը փչացել ա, էն մյուսն էլ խշշում ա, դուք խցանման մեջ եք ու անընդահտ քեզ 1000 դրամանոց են տալիս ու ասում՝ էս մի հատ կփոխանցեք։ 

38․ Ե՞րբ իմացար։ 

Էս հարցի իմաստը չեմ հասկանում, բայց գրում եմ որ հաշիվը չխառնվի։


39․ Ի՞նչ կարող ես անել ավելի լավ, քան անում ես հիմա։

Կարամ ավելի լավ գրեմ, բայց սենց անկապ գրելը դզում ա մի տեսակ։

40․ Ե՞րբ ես դու ավելի դու։

Խմած ժամանակ։

41․ Ի՞նչ գերբնական կարողություն կուզեիր ունենալ։ 

Կուզեի գերխելացի լինել։ Էն որ էնքան խելացի, որ պետք չէր լինի մարդկանց մտքերը կարդալ, որովհետև մի քանի վայրկայանում կհաշվեի բոլոր հնարավոր ելքերը։ Ու դրա հետ նաև որ կարենայի թռնել, իդեալական կլներ։

42․  Եթե 3 ցանկություն իրականցնելու հնարավորություն ունենայիր, ո՞րը կլիներ երկրորդ ցանկությունդ։ 

Սոկոյի համերգ կուզեի։ 

43․ Ի՞նչ գերբնական կարողություն ունես։ 

Համով չայեր եմ սարքում։

44․ Եթե 100 միլիոն դոլար գումար շահեիր, առաջինը ի՞նչ կառնեիր։ 

Աստվածներ, էդքան փողը ի՞նչ էի անելու։ Ի՞նչ լավ ա չեմ շահել։ Եսիմ, լիքը անկապ փուչիկներ կառնեի։ 

45․ Աշխարհում ամենասիրուն/հաճելի/հանգստացնող ձայնը։ 

Ծղրիդների ձայնը, բայց որ հեռվում ինչ-որ տեղ գետ էլ լինի։ 
What’s perfect about your life?

46․ Ի՞նչ ես երգում, երբ մենակ ես։ 

Ես մենակ մենակ ժամանակ եմ երգում։ Խառը, կախված ա նրանից թե էդ ժամանակ ամենաշատը ինչ եմ լսում։ Հիմա օրինակ Placebo-ի I Know-ն ա անընդհատ գլխիս մեջ։

47․ Իրավիճակ, երբ էնքան էիր ամաչում, որ ուզում էիր գետինը մտնել։ 

Ըմ, ես երևի անամոթ եմ, բայց տենց բան չեմ հիշում։


48․ Օրվա ընթացքում ինչքա՞ն հաճախ ես մտածում փողի մասին։ 

Ընդհանուր առմամբ ես փողի մասին ամսվա մեջ երեք անգամ եմ մտածում՝ տանս վարձը տալիս, ապառիկս ու կոմունալներս վճարելիս։ 

49․ Ո՞վ է փողի հանդեպ քո վերաբերմունքի վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել։ 

Պապան։ Մաման միշտ կռվում ա մեր հետ, որովհետև մենք չգիտենք ճիշտ ծախսել :)) 

50․ Մի բան, որում համոզված ես։ 

Լավ ա լինելու։ 

51․ Պատմիր մեծագույն ձախողումներիցդ մեկի մասին։ 

Ուրեմն կուրսայինս չէի ներկայացրել, լիկվիդ էի մնացել։ Էդ առանձին  հեքիաթ ա, մի օր կարող ա պատմեմ։ 2 շաբաթ հետո դեկանատից համարս են ուզում, ես էլ մտածում եմ՝ ուզում են ռադ անեն, իմ ոտով գնում եմ մոտները։ Ասում են՝ լսի, կներես, քո կուրսայինը կորցրել ենք, կարա՞ս նորից տպես բերես։ Ասում եմ՝ գիտե՞ք ինչ, ես կուրսայինս չեմ ներկայացրել ու լիկվիդ եմ։ Ասում ա՝ ո՞նց, բա էս ինչ գնահատական ա։ Ասում եմ՝ չգիտեմ, դուք պարզեք ու հպարտ ինչպես դեբիլը դուրս գնում դեկանատից գիտակցելով, որ ես կարայի asdf տպեի ու լիկվիդ չլինեի։ 

52․ Ի՞նչ որ բան, որի համար արժանապատվությունդ մի կողմ կդնեիր։

Ոչ մի բան։ Մեկ-մեկ ինձ թվում ա, որ ես ահավոր հավակնոտ ու քիթը բարձր մարդ եմ։ 

53․ Ի՞նչ ա ասում ներքին ձայնդ։

Ներքին ձայնս հիմա երգում ա։ Ասում ա 
Go on, go on, go on and find your light, now
Go on, it’s alright
We all feel something similar
Sometimes. 


54. Ի՞նչ հանցանք գործելու մասին ես մտածել։

Բանկ թալանելու, բանտից մարդ փախցնելու, հետո իրա համար փաստաթղթեր կեղծելու ու մի անգամ էլ սպանության։ 

55․ Մամայիդ մեջ ի՞նչն ես ամենաշատը սիրում։ 

Էն որ ասում եմ՝ էսինչ դեբիլ բանն եմ անելու, ինքն էլ ասում ա՝ հա բա չէ։ Էդ ինձ ահավոր մոտիվացնում ա ու ես անում եմ հերթական դեբիլ բանը։

56․ Բա պապայի՞դ մեջ։ 

Էն որ կապ չունի թե ինչքան վատ ա ամեն ինչ, ինքը միշտ գիտի որ լավ ա լինելու։ 

57․ Օր, որ կուզեիր էլի ապրել։ 

Իրականում ես կուզեի վերջում կյանքս ամենասկզբից նույնությամբ նորից կրկնել։ Ասենք ահավոր սիրուն ա ամեն ինչ։ 


58․ Ի՞նչն ա քո մոտ ահավոր, աննկարագրելի լավ ստացվում։ 

Ինչ-որ շատ կարևոր, շատ լուրջ, շատ հետաքրքիր պահի  ինչ-որ ահավոր, դեբիլ բան ասելը ու սաղ հարամելը։ 


59․ Ի՞նչ ես ուզում, որ մարդիկ մտածեն քո մասին առաջին հանդիպման ժամանակ։ 

Ի՞նչ ուզում ա թող մտածեն։ Բայց ցանկալի ա նտածեն իրականությանը համապատասխանող բաներ։ Օրինակ որ ես շատ կյանք եմ :)) 


60․ Ե՞րբ ես ամենաշատը վախեցել։ 

Էն պատմածս երկրաշարժի օրը։

61․ Ի՞նչն ա ահավոր վատ ստացվում մոտդ, բայց մեկ ա սիրում ես անել։ 

Նկարելը։

62․ Ի՞նչ զենք կկրեիր զոմբի ապոկալիպսիսի ժամանակ։

Նետ ու աղեղ։ Ահավոր սիրուն զենք ա։ 

63․ Եթե քեզ ահավոր ընտրության առաջ կանգնեցնեինք, թե մենք վերցնում ենք քո հինգ զգայարաններից չորսը ու քեզ թողնում մեկը, ո՞րը կպահեիր։ 

Լսողությունս։ Որ գոնե երաժշտություն ու ձայներ ունենայի։ 

64․ Ի՞նչ ես սիրում պատրաստել։ 

Նոր տարվա հանդես։ Լրիվ լուրջ :)) 

65․ Ի՞նչ ես շատ լավ եփում/թխում/պատրաստում։

Ըմ, մենակ ապրելու շնորհիվ ես համեստաբար կասեմ, որ շատ լավ եմ եփում։ Բայց երևի խնձորով պիրոգ։ 

66. Ի՞նչ գյուտ կուզեիր անել։ 

Սարք կստեղծեի, որ գլխիդ դնեիր 5 րոպե ու քեզ թվար թե 10 ժամ քնել ես ու թարմացած արթնացել։ Ու իմ բոլոր խնդիրները կլուծվեին։ :)) 


67․ Հարյուր պատահական ըտնրված մարդկանցից խելացիության ո՞ր հորիզոնականում կլինեիր։ 

Առաջին քսանի մեջ կլինեի։


68․ Որտե՞ղ կուզեիր լինել հենց հիմա։ 

Ինչ-որ բարձր Ալպերոտ տեղում, որ լիքը ծառեր լինեին ու իմանայի որ 2 շաբաթ արձակուրդ ունեմ։ 

69․ Եթե մեկ օրով ուրիշ մարդ լինելու հնարավություն ունենայիր, ո՞վ կլինեիր։

Սպայդրմենը։ 

70․ Ինչի՞ց ես քեզ ուժեղ զգում։ 

Երբ տանս ինչ-որ խնդիր ա լինում, ասենք պետք ա փոխել բաղնիքում ինչ-որ խողովակ, ու ես դա մենակ անում եմ։ 

71․ Ամենամեծ վիրավորանքը, որ հասցրել ես ինչ-որ մեկին։

Ու երևի միակ բանը, որի համար ինձ չեմ ների։ Ես անցած տարի ահավոր նեղացրել եմ Անժելին, բայց չեմ ասի թե ինչ եմ ասել։ 

73․ Էն երեք բառերը, որ կուզեիր լինեին գերեզմանաքարիդ։

Այ մարդ, ես գերեզմանաքար չեմ ուզում։ 

74․ Առաջին միտքը, որ ունենում ես արթնանալիս։ 

Էլի՜, լավ ինչի՞ համար։ 

Ես չեմ սիրում արթնանալ։ 

75․ Ինչ-որ բան, որից անհանգստացած կարթնանաս գիշերվա հազարին։ 

Մի անգամ երազիս տեսել էի իբր թեյնիկը միացրած եմ թողել գազի վրա ու քնել ու տունս համարյա պայթելով ա։ էդ երազից եմ վերջին անգամ գիշերվա հազարին վեր թռել ու վազել խոհանոց ստուգելու, որ թեյնիկը միացրած չի։ 


76. Եթե ինչ-որ մեկին անանուն ինչ-որ բան ասելու լինեիր, ի՞նչ կասեիր։ 

Ես անանուն լինել չեմ սիրում։ Մարդիկ սովորաբար գիտեն իմ կարծքը իրենց մասին։ 

77․ Ու՞մ կուզեիր ներել ու մոռանալ։ 

Մոռանալ չեմ ուզում ոչ մի բան ու ոչ մեկին։ հիշողություններս ահավոր թանկ են ինձ համար։ Իսկ ներել, ես միշտ բոլորին ներում եմ։ 

78․ Եթե հնարավոր լիներ ազատվել քո պարտականություններից մեկից, որի՞ց կազատվեիր։ 

Ամեն օր մամայի հետ հեռախոսով խոսալուց ու հավաստիացնելուց, որ լավ եմ։ 

79․ Ո՞ր մարդիկ են քեզ ամենաշատը նյարդայնացնում։ 

Էն որ փոքր քաք են, բայց իրանց մեծ քաքի տեղ են դնում։ Կներեք։ Էն որ խաղում են ինչ-որ մեկի դերը, որը իրանք չեն։ 

80․ Քո ամենուժեղ կողմը։ 

Ահավոր նպատակասլաց եմ։ 

81․ Քո ամենաթույլ կողմը։ 

Ես հեշտ ընտելանում եմ մարդկանց։ 

82․ Ո՞նց ես ուրիշների նկատմամբ սերդ արտահայտում։

Իրանց համար ուտելիք եմ սարքում։ 

83․ Ինչի՞ ես հիմա էս սենյակում։

Որովհետև տանն եմ ու գնալու ուրիշ տեղ չունեմ։

84․ Ե՞րբ ես վերջին անգամ ներել ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար կամ ներվել ինչ-որ մեկից ինչ-որ բանի համար։ 

Ներելը չգիտեմ, բայց ներվելը էսօր առավոտ։ Մի պապի ասեց լիֆտը պահեմ, բայց ես ուշ լսեցի, տենց ներսից գոռացի՝ կներեք, ինքն էլ թե՝ ոչինչ։

85․ Ամենամեծ սխալը, որ երբևէ արել ես։ 

Մեծ սխալ չի, զուտ կարծում եմ ավելի ճիշտ կլիներ, որ հուլիսի 13-ը ուրիշ ընթացք ստանար։ 

86․ Ի՞նչ ես թաքցնում։ 

Տնեցիքին դեռ չեմ ասել, որ երկրորդ բակալավր եմ անելու, իրենք դեռ պատրաստ չեն էդ նորությունը լսելուն։ :)) 

87․ Հարց, որի պատասխանը երբեք չես իմանա։ 

Ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե էս տարկետման մասին օրենքը չլիներ։ Ու հա, երբեք, երբեք չեմ իմանա։ 

88․ Ինչի՞ց ես ամաչում։

Ոչմիբանից։

89․ Ի՞նչն է քեզ կանգնեցնում։ 

Միտքը, որ ցավացնում եմ ինչ-որ մեկին, սովորաբար՝ մամայիս։

90․ Որևէ գաղտնիք։

Ես մինչև բոլորովին վերջերս ձեռքերս ու ոտքերս վերմակի տակ էի քնում, որովհետև մանկությունից նմացած վախի պես բան կար, որ ինչ-որ մեկը մահճակալի տակից կարա քաշի ձեռքերդ ու ոտքերդ։ 

91․ Ո՞նց ես մարդկանց մաիպուլացնում, որ անեն էն, ինչ դու ես ուզում։ 

Քանի որ ես շատ լավն եմ, ես մարդկանց չեմ մանիպուլացնում, իրանք ինքնակամ անում են էն, ինչ ես եմ ուզում։ 


92․ Ե՞րբ ես վերջին անգամ ներողություն խնդրել։ 

Ասեցինք դե վայ, էսօր առավոտ։ Դրանից հետո էլ էկել եմ տուն ու տանը մենակ եմ էղել, թե չէ մի հազար անգամ էլ խնդրած կլինեի։ 

93․ Ամենամեծ սուտը, որ ասել ես ինքդ քեզ։ 

Ամեն ինչ ավելի վատ կարար լիներ։ 

94․ Ո՞ր պահից հասակցար, որ մանկությունդ վերջացել ա։

Պապիս մահվան օրը։ 

95․ Ի՞նչն է պակասում քո կյանքում։ 

Վագոն տնակն ու վարորդական իրավունքը։

96․ Հավատու՞մ ես գերբնական ուժերին։

Չգիտեմ, իրոք չգիտեմ։ 

97․ Ինչի՞ց ես պատրաստ հրաժարվել։ 

Սառնարանում հիմա երկու շիշ գարեջուր կա, մեկից պատրաստ եմ հրաժարվել։ 

98. Ինչքա՞ն հաճախ ես մարդկանց խաբում։ 

Վերջերս բավականին հաճախ։ Բայց անվնաս ստեր են։ Ասենք մաման հարցնում ա՝ ի՞նչ ես անում, ասում եմ՝ լվացք, ոչ թե օր արդուկն եմ սարքում։ Չգիտեմ ինչի։ Առաջ սենց չէի, հիմա լիքը դեբիլ բաներ, որ ասենք պետք չի էլի խաբել, խաբում եմ ու ճիշտը չեմ ասում։ 

99․ Ինչի՞ էիր պատասխանում էս հարցերին։ 

Եսիմ, երևի ավելի շատ ինքնաճանաչման համար։ Հետաքրքիր կլինի տարին մի անգամ էս հարցերի վրայով անցնելն ու պատասխանները համեմատելը։

100․ Կա՞ ինչ-որ բան, որ կուզեիր ասել։ 

Մեկ-մեկ ես ահավոր շատ ուզում եմ տզտզալ ու դարդերս պատմել, բայց հետո ջոկում եմ, որ պետք չի։